Ընդդիմությունն առավոտյան ժամը 8-ից փակելու է «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը

Նրանք կոչ են անում քաղաքացիներին միանալ և թույլ չտալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնի Մոսկվա Պուտինի և Ալիևի հետ հանդիպման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Ընդդիմությունը վաղը առավոտյան ժամը 8-ից փակելու է  «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։

«Վաղը առավոտյան 08.00֊ից լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա։ Միացիր ինձ, և միասին կանխենք մեր հայրենիքի կործանումը», - գրել է նա։

Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները քննարկել են Պուտին-Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպումը

Նա կրկնել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի ավելի վաղ արված հայտարարությունն առ այն, որ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ և Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած նրա որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո։

«Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ և գալ օդանավակայան։ Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է», - գրել է Բաբայանը։

Պուտինը Շոյգուի, Լավրովի և Նարիշկինի հետ քննարկել է վաղվա ՌԴ-ՀՀ-Ադրբեջան հանդիպումը

Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։

Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիներ խնդիրների շուրջ։