ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ ոչ լեգիտիմ է։ Նրա հայտարարության տեքստը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակել է իր Facebook-ի էջում։
«Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ: Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո», - գրել է Մանուկյանը։
Նա նշել է, որ հանդիպման մասին պարզաբանումներ ստանալու նպատակով շարժումը նախաձեռնել էր հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարարի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ։ Օնիկ Գասպարյանն ու Արմեն Աբազյանը չեն հանդիպել ընդդիմադիրների հետ, փոխարենը Արա Այվազյանը հանդիպել է որոշ հարցեր պարզաբանել է։ Սակայն Մանուկյանը չի նշում, թե ինչ են քննարկել ԱԳ նախարարի հետ։
Այնուամենայնիվ, նա կոչ է անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել երկրին ու թույլ չտալ «դավաճանության հաղթարշավ»։
«Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է, և մենք ամբողջ թափով շարունակելու ենք պայքարն այդ ուղղությամբ», - ավարտել է իր հայտարարությունը Մանուկյանը։
Իշխանությունը պարտավոր է հրապարակել սերունդների ճակատագրին վերաբերող փաստաթղթերը․ Մելիքյան
Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը ստեղծել են Հայրենիքի փրկության շարժումը ու Վազգեն Մանուկյանին առաջադրել վարչապետի միասնական թեկնածու։
Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական։