ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Մոսկվայում հունվարի 11-ին կայանալիք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ընթացքում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որևէ հարցի լուծմանը վերաբերող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է՝ հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում», - հավելել է նա։
Նա գրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ Հայաստանից դեպի Ռուսաստան, Իրան, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ:
«Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ», - գրել է Գևորգյանը։
Նա ընդգծել է, որ հայկական կողմի համար սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը:
Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը
«Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը, և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը», - գրել է խոսնակը։
Նիկոլ Փաշինյանը բժշկական ստուգում է անցնում Մոսկվա մեկնելուց առաջ. ԶԼՄ-ներ
Նշենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Ընդդիմությունը հայտարարել է, որ պատրաստվում է փակել դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը՝ թույլ չտալու Փաշինյանի թռիչքը Մոսկվա։