Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Չինարի գյուղում դպրոցականներից շատերը բազմազբաղ առօրյա ունեն։ Ֆիլմեր են նկարահանում, սոցիալական տարբեր նախաձեռնություններով հանդես գալիս, հիմա էլ, դեռ դպրոցը չավարտած, սեփական գործն են հիմնում։
Sputnik

Սահմանամերձ Չինարի գյուղի տարբեր տարիքի ու տարբեր հմտություններով երեխաները համախմբվեցին նոր բան ստեղծելու, սեփական գործն ունենալու, դեռ մի բան էլ գյուղը ոտքի կանգնեցնելու համարձակ ծրագրով։ Նրանց ոգեշնչողն ու ամեն հարցում օգնողն ուսուցչուհին է` Մարիամ Գրիգորյանը։

Ընկեր Գրիգորյանի քաղաքից գյուղ ճանապարհն ու հաջողված «պրոդյուսինգը»

Մարիամ Գրիգորյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է, գրեթե 10 տարի՝ մայրաքաղաք Երևանում է ապրել, մոտ տարի ու կես առաջ Teach for Armenia ծրագրով թողեց քաղաքն ու տեղափոխվեց Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղ։ Խոստովանում է՝ շատ էր ցանկանում գյուղական կենցաղը փորձարկել, այդ պարզ, հասարակ, կոլորիտային կյանքով ապրել։

Բարձրակարգ «հյուրանոց» մեղուների համար, կամ գորիսեցի պապիկի հնարամտությունը

Ասում է՝ սահմանին այսքան մոտ ապրելու վախը հաղթահարած է Չինարի եկել։ «Երբ ես գյուղից գնում եմ Երևան, ոնց որ Հայաստանից հեռանամ, ինչքան այստեղ եմ, այնքան իսկական Հայաստանի մոտ եմ»։ (Բերդի տարածաշրջանը, նախկին՝ Շամշադին, շատերն են անվանում իսկական Հայաստան։ Տեղացիները հպարտանում են, որ սահմանին այսքան մոտ լինելով հանդերձ՝ այստեղ երբեք ու ոչ մի ադրբեջանցի չի ապրել– խմբ):

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

Մարիամի կապը գյուղի հետ անխզելի դարձավ շնորհիվ աշակերտների, որոնց ինքը գտավ, ու որոնք նրան գտան։ Խոստովանում է՝ Չինարին իրեն ինքնաիրացվելու, իր մեջ նոր հմտություններ բացահայտելու հնարավորություն տվեց։ Օրինակ` պարզվեց, որ ընկեր Գրիգորյանը կենսաբանության հրաշալի ուսուցչուհի լինելուց բացի նաև կազմակերպչական ջիղ ունի։ Այդպես նա դարձավ չինարեցի դպրոցականների համար պրոդյուսեր, մենեջեր, մարքեթոլոգ, «PR-շիկ»։ Ընկեր Գրիգորյանի օգնությամբ չինարեցի աշակերտներից մի քանիսն, այսպես ասած, սեփական գործը սկսեցին։

Արաքսը, Նանեն, Անին ու «Արեգնահամը»

Առաջին արդեն ստացված ու աշխատող նախաձեռնությունն «Արեգնահամ» խոտաբույսերը դարձան։ Բուսաբանության դասի հանձնարարությունը լրիվ ուրիշ բանի վերածվեց։

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

«Մեր գյուղի սարերը շատ հարուստ են տարբեր խոտաբույսերով։ Մտածեցինք, որ կարող ենք խոտաբույսերը հավաքել, վաճառել ու շահույթ ստանալ։ Մեզ տղաներն էլ են օգնում, միասին հավաքում ենք, չորացնում, տեսակավորում, կշռում, փաթեթավորում, պիտակներ ամրացնում»,- պատմում է Արաքսը։ Արդեն առաջին վաճառքներն էլ ունեն։ Տեսականին դեռ փոքր է՝ ուրց, դափնու տերև, մասուր, դաղձ, նանա, լորենու տերև-ծաղիկ` բոլորը Չինարիից։ Գարնանը կսկսեն ընդարձակել տեսականին։ Նախապես աշխատանքները պետք է պլանավորել, յուրաքանչյուր խոտաբույս պետք է հավաքվի ու չորացվի այն ժամանակ, երբ այն ամենաօգտակարն է։

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

Ինչու՞ «Արեգնահամ»․Նանեն ասում է՝ Շամշադին պարսկերենից թարգմանաբար «արևի երկիր» է նշանակում, այստեղի խոտաբույսերն արևի համն ունեն։ Ընկեր Գրիգորյանն էլ շարունակում է անվան մեկնությունը․«Չինարին սահմանապահ գյուղ է, սահմանը զինվորն է պահում։ Արևն աղջիկ է, իսկ մերը զինվորն է` Արեգը»։

Ասպրամ, Աննա և Սուսաննա տրիոյի ձեռարվեստը

«Երեխաների մտքով հաճախ շատ լավ բաներ են անցնում, բայց ոչ միշտ են համարձակվում բարձրաձայնել»,- վստահ է ընկեր Գրիգորյանը։ Երբ նկատեց աղջիկների ձեռքի շնորհքն ու դրան գումարեց նրանց սերը գրքերի հանդեպ, առաջարկեց ձեռագործ էջանշանների արտադրություն սկսել։ Աղջիկներն անցան էջանշանների պատրաստմանը, միաժամանակ այլ մտքեր եկան։ Սուսաննան սկսեց նաև լամպերին նոր կյանք տալ, ձևավորել։ Հետո անցան հելյունագործությանը․խաղալիքներ, սփռոցներ, անձեռոցիկներ, տարբեր հուշանվերներ են պատրաստելու։ Կավի հետ էլ հարաբերությունները վատ չեն, կավե իրեր կլինեն՝ կրծքազարդեր, կախազարդեր և այլն։

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

«Հիմա արտադրանք ենք կուտակում, որ սկսենք սոցիալական ցանցերում մեր աշխատանքները ներկայացնել, տարածել,  վաճառել։ Աստիճանաբար կհասկանանք, թե մարդկանց որ իրերն են առավել հետաքրքրում, դրանց արտադրության վրա կկենտրոնանանք»,- մարքեթինգային պլաններն է ներկայացնում Ասպրամն ու շեշտում՝ մեծ ուշադրություն են դարձնելու սպասարկմանը, լինելու են բարեհամբույր և համբերատար։

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

Ինքնուս փայտագործ Լեռնիկը

Լեռնիկի հայրն ինքնուս փայտագործ է, հմտությունները հորից որդուն են փոխանցվել, ընկեր Գրիգորյանն էլ նկատել ու առաջարկել է զարգացնել, սեփական փոքրիկ գործը դնել։ Ամեն ինչ սկսվեց գրադարակի պատվերից, հիմա արդեն Լեռնիկը ժամանակակից փայտե ամաններ, խոհանոցային տարբեր պարագաներ է պատրաստում։

Ընկեր Գրիգորյանն էլ ֆեյսբուքյան տարբեր խմբերում սիրով տեղադրում է աշակերտի աշխատանքները, գովազդում ու Լեռնիկի փայտագործական համբավը Տավուշի սահմաններից դուրս հանում։ Տեսականին ընդլայնելու ու մեծացնելու հմտություններ կան, միայն տեխնիկական հնարավորություններն են պակասում։ Մոտ կես տարուց Լեռնիկը բանակ է գնալու, հետ կգա ու սկսած գործն ավելի կընդլայնի։

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

–Հաստատ գյու՞ղ ես գալու,–հարցնում եմ։

-Բա ինչ...,- ասում է Լեռնիկը, հարցիցս էլ զարմանում ու ավելացնում,– որ մեր գյուղը զարգացնենք, ավելի՞ լավ չի։
-Դե լավ է, բայց կարող է՝ որոշես ավելի ապահով տեղում ապրել, սահմանից հեռու,- անիմաստ հարցերիս շարքը շարունակում եմ ես։

 -Ամենաապահով տեղը սա է՝ պոստերի մոտ։ Ինչքան փախնես, էնքան հետևիցդ է ընկնելու։ Ապահովն էստեղ է,- կարճ ու կոնկրետ եզրափակում է Լեռնիկը։

Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է

Հունիսի 30-ին Մարիամի ծրագիրն ավարտվում է, բայց արդեն մտածում է ևս մեկ տարով երկարացնելու և գյուղում մնալու մասին։ Ուսուցչուհու կողքին հավաքված աշակերտները շտապում են ավելացնել՝ երբ էլ ընկեր Գրիգորյանը գյուղից գնա, այնքան բան է իրենից հետո այստեղ մնալու, որ միևնույն է՝ իրենց կողքին է լինելու։ Կատակում են՝ մի քանի տարի հետո դպրոցականների այս նախաձեռնություններն աշխատող բիզնեսներ կդառնան, ընկեր Գրիգորյանն էլ միանգամից մի քանի բիզնեսում բաժնետեր կլինի։

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը

Ի դեպ, հոդվածի բոլոր լուսանկարների հեղինակը չինարեցի դպրոցական Արմանն է, որի շնորհիվ այս բոլոր նախաձեռնությունները տեսա-լուսանկարահանվում են ու տարածվում։

Ինչպես դասի հանձնարարությունը դարձավ բիզնես, կամ Չինարիի աշակերտների խելահեղ մտքերը