Ինչի հանգեցրեց սփյուռքի նախարարության փակումը․ Սրապիոնյանի դիտարկումները

ՀՀ Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հետպատերազմյան իրողություններին, մասնավորապես այն հարցին, թե ինչպիսի ընկալումներ կան սփյուռքում և հետայսու ինչպես պետք է իրականացվի հայրենիք–սփյուռք համագործակցությունը։ 
Sputnik

Սերժ Սրապիոնյանի դիտարկմամբ` սփյուռքը նախկինում պատկերացրել ենք և՛ աշխարհագրական տարածքի, և՛ միասնական ժողովրդական էթնոսի տեսքով, բայց իրականում սփյուռքը շատ բազմազան ու բազմաշերտ կառույց է, որն իր վրա կրում է այն երկրի նկարագրի ու կենսակերպի կնիքը, որում ինքն ապրում է։ Ըստ նրա` այսօր դժբախտաբար ջուրը նետվեց տասը տարվա քրտնաջան աշխատանքը, որը կատարել էր Սփյուռքի նախարարությունը։

Կադրային ջա՞րդ, թե՞ օպտիմալացում. ինչ է կատարվում Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում

«Ինձնից էլ առաջ մարդիկ մշակել էին հայեցակարգ ու ծրագրեր, սփյուռքահայ յուրաքանչյուր համայնքի համար որդեգրվել էր հատուկ մոտեցում` հաշվի առնելով աշխարհագրական և էթնոգրաֆիական տարբերությունները, և փորձ էր արվում արդյունավետորեն ու զգուշորեն օգտագործել բոլորի աջակցությունը, քանզի բոլորի համար ընդհանուր էր սերը հայներիքի նկատմամբ։

Ցանկանում էինք ստեղծել սփյուռքյան հայկական միասնական աշխարհ, որը 2,5-3 անգամ գերազանցում էր Հայաստանում բնակվողների թվաքանակը և կարող էր ունենալ ճակատագրական միջամտություն հայրենիքի կայացման ու հետագա զարգացման գործում»,– նշեց Սփյուռքի նախկին փոխնախարարը։

Զոհի և դահճի հարաբերություններում ի՞նչ նախապայման. Սրապիոնյանը` ադրբեջանցի լրագրողին

Սերժ Սրապիոնյանի կարծիքով` կառավարությունը պետք է փոխի իր վերաբերմունքը, ուղղակի ունենա քաղաքական կամք և խոստովանի, որ Սփյուռքի նախարարության փակումը մեծագույն սխալ էր և աղետ համայն հայության համար, որովհետև այդ կառույցն ըստ էության Սփյուռքի հույսն էր հայրենիքում, հետևաբար արտերկրի մեր հայրենակիցները գրկաբաց կընդունեն հիշյալ նախարարության վերաբացումը, իսկ եթե նման բան տեղի չունենա, ապա սփյուռքահայերը թեև երես չեն թեքի հայրենիքից, սակայն որոշ ժամանակ սառը վերաբերմունք կցուցաբերեն Հայաստանի նկատմամբ։