Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Արցախյան վերջին պատերազմի առաջին իսկ օրերին հայկական ամենասիրված մուլտֆիլմի՝ «Գտնված երազի» հեղինակներ, նկարիչներ և դիզայներներ Հովհաննես և Գագիկ Դիլաքյանների Instagram-ի էջում սկսեցին վառ, գունեղ ու սրտառուչ նկարներ հայտնվել Արցախի խորհրդանիշների՝ Բաբոյի ու Դեդոյի մասնակցությամբ։
Թվային ֆոտոկոլաժները իսկույն ևեթ արձագանք գտան ոչ միայն աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերի, այլև տարբեր ազգությունների ներկայացուցիչների սրտում։ Նկարիչների կրեատիվ մոտեցումն ու աշխատանքների ջերմությունը գրավել են սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը։
Պատկերների այս շարքի գլխավոր հերոսը հայտնի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանն է, կամ, ինչպես ժողովուրդն է անվանում՝ «Տատիկ-Պապիկը» (արցախյան բարբառով՝ «Բաբոն ու Դեդոն»)։
Ազգային տարազներով «ամուսինների» քանդակը տեղադրված է Արցախում՝ Ստեփանակերտի հյուսիսային մուտքի մոտ։ Հեղինակի՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի մտահղացման համաձայն՝ արձանը պատվանդան չունի, ինչը լեռներից միջից դուրս եկող կերպարների տպավորություն է ստեղծում և խորհրդանշում է սերնդեսերունդ փոխանցվող արմատների կապը։
Եվ այսպես, արցախյան «ամուսնական զույգն» ասես կենդանացել է Հովհաննեսի և Գագիկի աշխատանքներում։ Դիլաքյան եղբայրների հարուստ երևակայությունն արտացոլվել է գաջեթների էկրաններին՝ Բաբոյի ու Դեդոյի կյանքի և պայքարի պատմություններում, միմյանց և հայրենիքի հանդեպ սիրով լցված պարզ մարդկանց պատմություններում, որոնք ընդամենը ուզում են երջանիկ ապրել հարազատ հողում։
Բաբոն վերջերս առաջնագծից վերադարձած սիրելիին կերակրում է իր ձեռքով պատրաստված թփով տոլմայով։
Իսկ այս կոլաժում երջանիկ Դեդոն, ինքնաձիգը մի կողմ դրած, ժպիտով կարդում է իր անկրկնելիի նամակը։
Նկարները շատ դինամիկ են, գլխավոր դերերում ոչ միան Բաբոն ու Դեդոն են, այլև նրանց շրջապատող բնությունը և կենդանիները՝ շները, կատուները, թռչուններն ու թիթեռները։
Որոշ դրվագներ պատմում են վերջին օրերի վշտալից իրադարձությունների մասին։
Այստեղ շարքի գլխավոր հերոսը պատերազմի ավերածություններից փրկում է փոքրիկ երեխային։
Եղբայրներն իրենց նկարներում հաճախ իրական մարդկանց՝ զինվորների կամ երեխաների լուսանկարներ են օգտագործում։ Այս նկարում Տատիկն իր ձեռքով խաշ է կերակրում վիրավոր զինվորին։
Նկարներում հայկական խորհրդանիշներն ու ազգային կոլորիտը հիանալի համադրվում են ժամանակակից տարրերի հետ։
Ստեղծագործությունները հուզել են հազարավոր օգտատերերի։ ««Ձեր իլյուստրացիաներով գունավորում եք օրս։ Անչափ շնորհակալ եմ», «Շնորհակալություն կախարդանքի համար», «Սա հանճարեղ է», «Ուղղակի հոյակապ է», «Ինձ շատ են դուր գալիս ձեր ստեղծագործությունները։ Հոգի են ջերմացնում։ Հատկապես Արցախի համար այսքան ծանր օրերին», «Ամեն անգամ հուզվում եմ ձեր նկարներից, ինչքան հոգի կա մեջը», «Ուզում եմ այսպիսի իլյուստրացիաներ ամեն օր տեսնել» »,-գրում են նրանք։
Պատերազմի օրերին ֆոտոկոլաժների տակ հայերին աջակցություն էին հայտնում աշխարհի տարբեր երկրներից։
«Այս աշխատանքներում նույնքան քնքշանք ու բարություն կա, որքան հայերի սրտում»,-գրել է մի օգտատեր Ռուսաստանից։ Իսկ քաջարի հայ զինվորներին նկարներից մեկի տակ ողջույններ են փոխանցել Հնդկաստանից։
Հետաքրքիր է, որ հրապարակումների տակ բազմաթիվ մեկնաբանություններ են թողել նաև ադրբեջանցիները։ Բնականաբար՝ զզվելի մենկաբանություններ։ Հավանաբար, նրանց շատ էր նյարդայնացրել հայ նկարիչների աշխատանքը․․․
«Մենք մի քանի նկար արեցինք, որպեսզի գոնե ինչ-որ դրական բան բերենք պատերազմի ծանր օրերին, մի փոքր թեթևացնենք մարդկանց վիճակը։ Բայց հետո պարզվեց, որ հետևորդները մեզնից ավելի շատ աշխատանքներ են սպասում։ Այդպես էլ գնաց»,-պատմում է Գագիկը։
«Մենք ձեզ սնիկերս, դուք մեզ` խոցված տանկեր». աղջիկների գրությունները զինվորներին
Ի դեպ, քանդակներով ֆոտոկոլաժների բուն միտքը կապված է կորոնավիրուսի համավարակի հետ։ Դիլաքյան եղբայրներն ապրում են ԱՄՆ-ում, սակայն սերտ կապված են Հայաստանի հետ։ Մեկսուսացման օրերին, երբ Երևանի փողոցները գրեթե բացարձակ դատարկ էին, նրանց գլխում մայրաքաղաքի արձանները «կենդանացնելու» միտք ծագեց։ Նրանք օգտագործեցին Թումանյանի, Թամանյանի արձանները, Բոտերոյի «փարթամ կինը» և այլն։
«Մենք ուզում էինք հետաքրքիր պատմություններ հնարել, բայց հասկացանք, որ Երևանում կանանց հուշարձաններ շատ քիչ կան՝ Մայր Հայաստանն է, Բոտերոյի աշխատանքը և, կարծես թե, վերջ։ Այդ ժամանակ հիշեցինք Արցախի «Դեդո-Բաբոյին»։ Ընդ որում, Բաբոն շատ «ֆոտոգենիկ» դուրս եկավ։ Նա լավ էր նայվում ցանկացած ռակուրսից»,-ասում է Հովհաննեսն ու ավելացնում, որ պատերազմի սկսվելու պահից այդ քանդակներն արդեն ինքնըստինքյան իրենց իլյուստրացիաների հերոսը դարձան։
Ինչ վերաբերում է Դեդոյին՝ եղբայրները, ինչպես իրենք են խոստովանում, նրան «իր տեսակով» են ստեղծել՝ առույգ ու զարգացած։
«Մենք էլ ենք պապիկներ, բայց ոչ թույլ, հիվանդ ու անուժ, այլ ուժեղ ու զարգացած,-կատակով ասում է Հովիկ Դիլաքյանը,-և մեր Դեդոն էլ հենց այդպիսին ստացվեց»․․․
Շուտով աշխարհի տարբեր ծայրերից հայերը սկսեցին թույլտվություն խնդրել այդ պատկերները շապիկների, բաժակների, օրացույցների վրա տպելու համար, որպեսզի վաճառեն, իսկ եկամուտն ուղարկեն Հայաստան։
«Մեզ գրել են Արգենտինայից, Ավստրալիայից, Հոլանդիայից, Ռուսաստանից։ Չեք պատկերացնի, թե ինչքան նամակ ենք ստանում։ Առաջարկում են այս շարքից ալբոմ կամ գիրք սարքել»,-ասում է նա։
Եղբայրները դեմ չեն նաև այդ ամենը անիմացիայի վերածել, եթե առաջարկներ լինեն։
Արդեն պատերազմից հետո, երբ հայ հասարակության մեջ տրամադրության անկում է տիրում, կոլաժների շարքն ավարտելու միտք ծագեց։ Բայց այդ ժամանակ Գագիկը որոշեց, որ հենց այդ իրավիճակում նկարները շատ են պետք, չէ՞ որ մարդիկ պետք է շարունակեն ապրել։ «Մենք հավատում ենք մեր ազգի վերածննդին»,-ասում է Հովհաննեսը, բացատրելով, որ իր և եղբոր համար այս աշխատանքը Հայաստանում կատարվող իրադարձություններին ինչ-որ կերպ մասնակցելու միջոց է։