Ինչպես է Հայաստանի իշխանությունը փորձում լցնել բյուջեն, և արդյո՞ք դա վտանգավոր չէ

Հայաստանի իշխանությունները ցանկանում են ոչ թե վերացնել հարկային արտոնությունները, այլ դրանք հասցեական դարձնել։ Նրանք, ովքեր դրա կարիքը չունեն, թող վճարեն հարկերը և օգնեն պետությանը։
Sputnik

Ամանորից առաջ ՀՀ կառավարությունը հրապարակել է նոր հարկային բարեփոխումների հայեցակարգը։ Հանգստյան օրերն անցնում են, և այդ հայեցակարգը կամաց-կամաց սկսում է հասնել մեր գիտակցությանը։ Այնուամենայնիվ, արդյո՞ք դա այդքան սարսափելի է: Փորձենք հասկանալ։

Նոր քաղաքականության նպատակը բյուջեն համալրելն է ներկայիս բարդ պայմաններում։ Սակայն առաջարկված մոտեցումները նոր չեն. դրանք քննարկվել են դեռևս 2015 թվականին, երբ Հարկային օրենսգիրքը դեռ նոր-նոր էր կազմվում։ Ճիշտ է, հետո որոշեցին դրանք մի կողմ դնել. չափազանց շատ աշխատանք էին պահանջում թե՛ հարկայինից, թե՛ բիզնեսից, թե՛ մեզանից։

Հարկեր հարուստների համար

Կառավարությունն առաջարկում է ԱԱՀ մտցնել այն ծառայությունների համար, որոնք մինչ օրս դրանից ազատված էին՝ կրթություն, առողջապահություն։ Այսինքն, հիվանդանոցներում վիրահատությունների կամ բուհում ուսման վարձի հաշիվները կաճեն 20%-ով:

Ինչպես են հարկերը փոխվում Հայաստանում 2021 թվականից

«Հենց միայն դա էր պակասում»,-կասենք մենք և, իհարկե, ճիշտ կլինենք։

Բայց հարցն այն է, որ այդ հարկի բեռն ուզում են դնել հիմնականում ունևոր մարդկանց վրա։ Նրանք այդ ծառայություններն ավելի շատ են սպառում, քան մյուսները (ավելի թանկ կլինիկաներ են այցելում, իրենց երեխաներին ավելի թանկ բուհեր են ուղարկում և այլն), այսինքն՝ ԱԱՀ-ի արտոնություններ բոլորից շատ են ստանում, թեև բոլորից քիչ ունեն դրա կարիքը։ Այդ մասին Ֆինանսների նախարարությունը խոսել է ոչ միայն 2015 թ., այլև ավելի ուշ (պլաստիկ վիրահատությունների օրինակով)։

Ուստի Ֆինանսների նախարարությունն առաջարկում է չչեղարկել ԱԱՀ արտոնությունները, այլ դրանք հասցեական դարձնել նրանց համար, ովքեր իրոք ունեն դրա կարիքը։ Իսկ այն ԱԱՀ-ն, որը կվճարեն ունևոր պացիենտները (և ուսանողների ծնողները) թույլ կտա ավելացնել հենց բուժման և ուսման պետպատվերի տեղերը ոչ ունևոր ընտանիքների համար։

«Չհարկ»՝ ոչ հարուստների համար

Ոչ ունևոր ընտանիքների համար Ֆինանսների նախարարությունն առաջարկում է սահմանել հարկային վարկեր, որոնք լայնորեն օգտագործվում են արտասահմանում: Բանն այն է, որ ոչ հարուստ մարդկանց համար նախատեսված կլինեն պահումներ եկամտային հարկի բազայից՝ առողջապահության, կրթության, անշարժ գույքի գնումների ծառայությունների չափով (որոնք նույնպես ազատված են ԱԱՀ-ից)։ Բայց այս ամենն այն պայմանով, որ բոլոր այդ վճարումները պետք է փաստագրված լինեն (հարկայինը չի կարող ուղղակի խոսքին հավատալ)։ Բայց կա ևս մեկ պայման, և դա առաջարկվող բարեփոխման կարևորագույն կետերից մեկն է։

Ամեն ինչ խոստովանիր

Ինչպե՞ս որոշել՝ ով է հարուստ, իսկ ով՝ ոչ այնքան։ Գուցե մենք պաշտոնապես 100 հազար աշխատավարձ ենք ստանում, իսկ ծրարով՝ 300 հազա՞ր։ Պարզություն մտցնելու համար ՀՀ իշխանություններն ուզում են վերակառուցել հարկերի հավաքումը։ Հիմա դրանք վճարում և դրանց համար հաշվետվություն է տալիս մեր գործատուն (պարզ ասած՝ հաշվապահը)։

Հարկեր, տուրքեր, վճարումներ. ինչպիսին կլինի 2021–ը հարուստ և աղքատ հայաստանցիների համար

Բայց որքա՞ն գումար ենք վաստակում կողքից (եթե վաստակում ենք), որքա՞ն են արտասահմանից ուղարկում բարեկամները (եթե ուղարկում են), կամ որքա՞ն գումարով ենք վարձով տալիս մեր երկրորդ բնակարանը (եթե ունենք)։ Մեր հաշվապահն այդ ամենը չի կարող իմանալ։ Այդ պատճառով, ըստ Ֆինանսների նախարարության ծրագրի, մենք պետք է հաշվետու լինենք մեր եկամուտների և ծախսերի մասին (իհարկե՝ հիմնական, ոչ թե ամեն լուցկու տուփի գնման)։

Իսկ որպեսզի մենք հետաքրքրված լինենք դրանով, Ֆինանսների նախարարությունը հարկային վարկեր է առաջարկում կենսական կարևորության ծախսերի համար՝ կրթություն, բուժում, բնակարանի գնում։ Տրամաբանությունը հետևյալն է․ եթե դու թաքցնում ես քո եկամուտները, բայց ծախսերի համար հարկային վարկ ես պահանջում, հարկայինը կասի․ «Դու ասում ես, որ ամսական 100 հազար ես ստանում, բայց հիվանդանոցում միլիոն ես վճարում բուժման համար։ «Ծակվիր»»։

Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից

Ամեն ինչ, իհարկե, այդքան հեշտ չէ։ Մենք շատ ենք, իսկ հարկայինը մեկն է։ Կկարողանա՞ հետևել բոլորիս։ Արդյո՞ք մենք կցանկանանք պետության համար պատասխանատու լինել մեր հարկերի հարցում։ Այս հարցերն առայժմ պատասխան չունեն։

Գյուղացիները

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լուծել հին ու ժանգոտ հարցը, որն արդեն մի քանի տարի է՝ խանգարում է գյուղացուն վաճառել իր բերքը բիզնեսին, լինեն դրանք խանութներ, պահածոների գործարաններ կամ թարմ միրգ-բանջարեղեն արտահանողներ։ Թվում է, թե ֆերմերները ազատվում են ԱԱՀ-ից, որպեսզի ավելի հեշտ վաճառեն իրենց ապրանքը։

Բայց ստացվում է, որ ադպիսով բիզնեսի համար ավելի դժվար է նրանցից ապրանք գնել, քանի որ հարց է առաջանում` ինչպե՞ս դուրս գրել ԱԱՀ-ն։ Այդ պատճառով էլ ամենուր, որտեղ այլընտրանք կա, բիզնեսը գնում է ոչ թե ֆերմերային, հայկական (այդ թվում՝ արցախյան) ապրանքը, այլ ներկրվածը։ Մասամբ դա խանգարում է մրգերի և բանջարեղենի արտադրությանը և ավելի շատ՝ հացահատիկի արտադրությանն ու անասնապահությանը (ինչի մասին մենք արդեն գրել ենք։ Կես տարվա ընթացքում ֆինանսների նախարարությունը ցանկանում է որևէ մեխանիզմ առաջարկել ֆեևմերական արտադրանքը բիզնեսին վաճառելու գործարքների փաստաթղթաբանության համար։

Որքանո՞վ են ավելացել ՀՀ խոշոր հարկատուների վճարած հարկերը. Փաշինյանը նոր թվեր է հրապարակել

Նորից ճշգրտենք․ խոսքն այն դեպքերի մասին է, երբ ֆերմերերից գնումներ են կատարում գործարանները, խանութները կամ փոխադրողները։

Փո՞քր են արդյոք փոքր ձեռնարկությունները

Սա ոչ թե մանկական շուտասելուկ է, այլ լուրջ հարց, որը տալիս է Ֆինանսների նախարարությունը, որի կարծիքով՝ շրջանառության հարկի գծով աշխատող ձեռնարկությունները չարդարացված արտոնություններ են ստանում։ Այդ հարկի տակ աշխատում է այն ձեռնարկությունների հիմնական մասը, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում տարեկան 115 միլիոն դրամը (ներկայիս փոխարժեքով ՝ մոտ 220 հազար դոլար)։

Դրանց հարկը կազմում է շրջանառության 1,5-5 տոկոսը (տնտեսական միջինով՝ մոտ 3 տոկոս)։ Ավելի խոշոր ձեռենարկությունների համար, որոնք աշխատում են սովորական ռեժիմով (ԱԱՀ+եկամտահարկ) շրջանառության հարկային բեռը երկու-երեք անգամ շատ է։

Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում

Ֆինանսների նախարարության հարցը հետևյալն է. եթե ձեռնարկության տարեկան վաճառքը կազմում է 100-200 հազար դոլար, նրա ինչի՞ն է պետք արտոնյալ հարկային ռեժիմը: Այն արդեն գոյություն ունի տարեկան մինչև 24 միլիոն դրամ շրջանառությամբ միկրոբիզնեսի ձեռնարկությունների համար (բացի առևտրից)։ Դրա համար էլ շրջանառության հարկի շեմը պետք է իջեցնել և խթանել բիզնեսի անցումը ԱԱՀ-ի և շահութահարկի, կարծում են կառավարությունում։ Եթե բոլորը (կամ գրեթե բոլորը) աշխատեն միասնական հարկային դաշտում, կնվազի նաև տարբեր հարկային համակարգերի սուբյեկտների միջև ԱԱՀ-ի դուրսգրման խնդիրը (ավելի մանրամասն ներկայացված է այստեղ):

Միկրոբիզնես

Հարցեր են առաջանում նաև միկրոբիզնեսի հետ կապված։ Համարվում է, որ նման բիզնեսը ստեղծում են ընտանիքը պահելու համար (և առավելագույնը երկու-երեք աշխատակից պահելու), ուստի չի կարելի այդ մարդկանց ծանրաբեռնել չափազանց շատ հարկերով ու թղթաբանություններով։ Նրանք հարկեր չեն վճարում(բացի աշխատակիցների եկամտահարկից), իսկ միկրոբիզնեսի հիմնադիրը ամսական ընդամենը 5 հազար դրամ եկամտահարկ է վճարում՝ անկախ եկամտից։ Գաղափարը լավն է, բայց հարկերից խուսափելու երկու ռիսկ է առաջանում։

ՊԵԿ նախագահը հայտնեց` որ ոլորտների շնորհիվ է նախատեսվածից ավել հարկ հավաքվել

Ռիսկ առաջին․ խոշոր ընկերությունը պաշտոնապես աշխատանքի չի ընդունում իր աշխատակցին, այլ ձևակերպում են նրան որպես միկրոբիզնեսմեն, որի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում։ Արդյունքում ընկերությունն այդ աշխատակցի համար 23 տոկոս (այս տարվանից՝ 22) եկամտահարկ չի վճարում։ Դրա փոխարեն ձևական «բիզնեսմենն» ընդամենը 5 հազար դրամ է վճարում։

Ռիսկ երկրորդ․ փոքր բիզնեսից ապրանքների և ծառայությունների գնումները հանվում են խոշոր ընկերությունների շահութահարկի բազայից: Այս դեպքում միկրոբիզնեսը կարող է խոշոր ընկերությանը ապրանքների և ծառայությունների համար կեղծ բեռնագրեր դուրս գրել (խոշոր ընկերությունն ինքը կարող է նման «միկրոբիզնես» ձևակերպել կեղծ անձի վրա):

Ուստի ՀՀ Ֆինանսների նախարարությունն առաջարկում է խոշոր ընկերությունների համար սահմանափակել միկրոբիզնեսից գնումների համար դուրսգրումների ծավալը՝ նման չարաշահումները բացառելու համար։

Հանուն արդարության

Հարկային արտոնությունները պետք է արդար և հասցեական լինեն, իսկ նա, ով կարող է ավելի շատ վճարել, պետք է վճարի։ Եթե արտոնություններից ավելի շատ վնաս կա, քան օգուտ (ինչպես գյուղացիների դեպքում), ապա հարցը պետք է շտկել։ Այդ ամենի շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն համալրել բյուջեն, այլև օգնել տեղական արտադրությանը (ինչպես նույն ֆերմերների և փոքր արտադրողների դեպքում)։ Այդպիսի նպատակներ է դրել Ֆինանսների նախարարությունը և փորձագետներին ու լայն հանրությանն առաջարկում է քննարկել դրանք։

Հարկեր փուչիկներից և լարովի շնիկներից. որոշել են փողոցային առևտուրն էլ հարկային դաշտ բերել