Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության պայմանները. ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել

Ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և եռակողմ հայտարարության ընդունումից հետո ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԳՆ–ն խստորեն դատապարտում է հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից քրեական հետապնդման նախաձեռնումը, ինչի մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ–ն` ի պատասխան 62 հայ զինծառայողների ձերբակալման լուրի։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին գրած նամակում հայտնել է Հադրութի շրջանում «Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: Բայրամովի խոսքով` խմբի 62 անդամներ ձերբակալվել են և ներկայում տարվում է նախաքննություն։

«Ադրբեջանի իշխանությունների այս գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Արցախի հանդեպ 44-օրյա թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում ադրբեջանական կողմն իրականացրել է միջազգային իրավունքի խախտումներ, որոնց զգալի մասը պատերազմական հանցագործություններ են: Այդ պատերազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, և դրանց իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության»,–ասվում է հայտարարության մեջ։

ԱԳՆ–ն նկատում է` ադրբեջանական կողմը հայտարարել է ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ հայ զինծառայողների գերեվարումից մոտ մեկ ամիս հետո։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն օգտագործում է հայ ռազմագերիներին որպես պատանդներ իր քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով:

Հայ գերիների մի մասը Բաքվում կալանավորված է. Ալիևը նրանց անվանել է «ահաբեկիչներ»

ԱԳՆ–ն հիշեցրել է, որ ռազմագերիների ազատ արձակման և հայրենադարձման պահանջը հստակորեն ամրագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, և ռազմագերիների հանդեպ քրեական հետապնդումը հանդիսանում է հայտարարության կոպիտ խախտում:
ՀՀ գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ հայ զինծառայողներն արդեն իսկ գերեվարվել էին եռակողմ հայտարարության մեկ այլ դրույթի խախտման հետևանքով, երբ հրադադարի հաստատումից մեկ ամիս հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ էր ձեռնարկել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ:

Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության կրկնվող և միտումնավոր խախտումները, ըստ ԱԳՆ–ի, լրջորեն վտանգում են հայտարարության լիարժեք իրականացումը և ստեղծում են նոր մարտահրավերներ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար:

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 16-ին Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Այնուհետև լուրեր տարածվեցին, որ նրանք գերի են ընկել։

Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում կորածներից 73–ի ճակատագիրն է անհայտ. Արցախի ՊՆ

Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատել էր, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։

Դեկտեմբերի 18–ին էլ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի 72 հոգանոց կամավորականների խումբն Արցախից ճանապարհվել է դեպի տուն։

Հավելենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը