ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Հայկական բանակում բավականին տարօրինակ գործընթացներ են տեղի ունենում։ Սկսենք նրանից, որ վերջին շաբաթների ընթացքում լուրեր տարածվեցին, թե Արցախից արձակուրդ եկած զինծառայողները չեն կարողացել վերադառնալ իրենց զորամաս։ Այս առնչությամբ պաշտոնական արձագանք չի հնչել, ինչը հանրության շրջանում տարատեսակ մեկնաբանությունների ու խոսակցությունների առիթ է տալիս։
Դեռ դեկտեմբերի վերջին լուրեր տարածվեցին, թե զինծառայողներին Արցախ չեն ուղարկում, որովհետև ադրբեջանական կողմն է խոչընդոտում (հայտնի է, որ Լաչինի միջանցքը մասամբ ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ է)։ Սակայն այսօր պարզ դարձավ, որ այնուամենայնիվ որոշվել է զինվորներին վերադարձնել ծառայության նախկին վայր, և այդ որոշումը զայրացրել է նրանց հարազատներին։
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ մի քանի տասնյակ մարդիկ էին հավաքվել և պաշտպանության նախարարությունից պահանջում էին, որ իրենց երեխաների անվտանգության հստակ երաշխիքներ տան։ Դեռ դժվար է ասել՝ զինծառայողներին Արցախ կուղարկեն, թե ոչ, բայց ակնհայտ է, որ տարիների ընթացքում մշակված մեխանիզմը սկսել է խափանվել։ Իրավիճակը բարդացնում է նաև պաշտոնյաների հստակ արձագանքի բացակայությունը։ Նրանց լռությունը տեղեկատվական վակուում է ստեղծում, որը սիրում են լրացնել դավադրության տեսության սիրահարները։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ Արցախում ծառայելու դեմ բողոքները վկայում են խիստ տագնապալի միտումների մասին։
«Ծնողների անհանգստությունը միանգամայն հասկանալի է, ռազմաքաղաքական ղեկավարությանն ուղղված նրանց հարցերը` նույնպես։ Հրադադարի համաձայնությունից հետո զինվորների գերի ընկնելու դեպքերը արդարացի անհանգստություն են առաջացրել հայ հասարակության շրջանում։ Սակայն միաժամանակ չափազանց վտանգավոր եմ համարում Արցախում ծառայել–չծառայելու քննարկումները», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աբրահամյանը։
Ըստ նրա` եթե դադարենք ռազմական օգնություն ցուցաբերել Արցախին, այդ թվում` զինծառայողներ ուղարկելու առումով, ապա վերջնականապես կկորցնենք Արցախը։ Իսկ արցախցիներն այժմ ամենից շատ Հայաստանի իրական ու առարկայական օգնության կարիքն ունեն։ Փորձագետը կարծում է նաև, որ պաշտպանության նախարարության ու գլխավոր շտաբի ղեկավարությունը պետք է զինվորների հարազատներին պարզաբանի իրավիճակը, պետք է խոսի նրանց հետ:
Վերլուծական կենտրոնի ղեկավարի խոսքով` շատ հնարավոր է, որ զինծառայողներին Արցախ ուղարկելու դեմ բողոքի ակցիաներին ուղղորդված լինեն իշխանության կողմից։ Աբրահամյանը կարծում է, որ Երևանի ու Բաքվի միջև կարող են գաղտնի պայմանավորվածություններ լինել Արցախի տարածքում հայ զինծառայողների հետագա տեղակայման մասին։
Բացի արցախյան թեմայից, ՀՀ ԶՈւ–ն ևս մեկ խնդրի է բախվել։ Ներքաղաքական անկայունություն, զգալի տարածքների կորուստ, բանակի զգալի ներուժի կորուստ․ այս ամենը շոկի ու անորոշության մեջ է գցել բանակը։ Որպես հետևանք՝ սպաները, պայմանագրային ծառայողները նախընտրում են ինքնակամ հեռանալ բանակից։ Կան նաև զինծառայողներ, որոնց առաջարկում են Արցախից Հայաստան տեղափոխվել, բայց նրանք ոչ միշտ են համաձայնում նման «ռոտացիայի»։
Բանակն այսօր ավելի քան երբևէ հասարակության բարոյահոգեբանական աջակցության կարիք ունի։ Բայց կարո՞ղ է արդյոք նման աջակցություն ցուցաբերել պառակտված, «սպիտակների» ու «սևերի» բաժանված մեր հասարակությունը։ Պատասխանն ակնհայտ է։
Մինչդեռ տարածաշրջանային մրրկայնության ֆոնին նոր սահմանամերձ հատվածների ի հայտ գալու, ադրբեջանական դիրքերի՝ Հայաստանի հարավային սահմաններին մոտենալու պայմաններում բանակի հետևողական ամրացումը պետք է դառնա իշխանության առաջնահերթ խնդիրը։ Դատելով վերոնշված տեղեկատվական վակուումից՝ դրական միտումների մասին խոսելու առիթ դեռ չկա։