Շուռնուխցիներին խոստացել են 12 նոր տուն կառուցել գյուղում. տեսանյութ

Կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել. բացի տներից, կառուցվելու ու վերակառուցվելու են նաև Շուռնուխի ենթակառուցվածքները, ճանապարհները:
Sputnik

Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 12 տների փոխարեն կկառուցվեն նորերը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության հրապարակած տեսանյութում ասվում է, որ Շուռնուխում նոր կառուցապատման համար կընտրվի ամենահարմար ու անվտանգ տարածքը: Այդ նպատակով կառավարությունն աշխատանքային խումբ է ստեղծել։

«Ուսումնասիրել ենք ճանապարհների, խմելու ջրի խնդիրը. նպատակն է ամրացնել գյուղը»,- հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը:

Կառավարության հրապարակած տեսանյութում նաև նշվում է, որ բացի տներից, կառուցվելու ու վերակառուցվելու են նաև գյուղի ենթակառուցվածքները, ճանապարհները:

Ինչպե՞ս լուծել Շուռնուխի և Որոտանի խնդիրը. Մարուքյանն առաջարկ ունի

Հիշեցնենք՝ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան 90-ականների ազատագրված 7 շրջաններ, ինչպես նաև բնակավայրեր ԼՂՀ տարածքից։

Դրան հաջորդեց արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների ճշգրտումը, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց սահմանամերձ բնակավայրերում։ Մասնավորապես Սյունիքում բնակիչները բողոքի ակցիաներ սկսեցին, ճանապարհներ փակեցին՝ պահանջելով լուծել սահմանների ու անօրինական սահմանագծման հարցը։

Իրավիճակն առանձնապես սրվեց Կապան-Գորիս ճանապարհահատվածի, Որոտան ու Շուռնուխ գյուղերի պատճառով։

Դեկտեմբերի 29–ին ադրբեջանցիները Շուռնուխի բնակիչներին 1 օր ժամանակ տվեցին գյուղի կեսը, այսինքն` 12 տները ազատելու համար։ Ավելի ուշ գյուղի 12 տների բնակիչները լքեցին տներն ու տեղափոխվեցին Հայաստանի վերահսկողության տակ մնացող հատված: Այսօր նրանք ժամանակավորապես տեղավորվել են գյուղի այլ տներում: Տեղահանվածների թվում է նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի ընտանիքը, որը բնակվում էր այդ 12 տներից մեկում:

Գորիսում մատաղ են արել ու բաժանել շուռնուխեցիներին ու ռուս սահմանապահներին. լուսանկարներ