Ադրբեջանն իրավունք չունի որևէ կերպ համակարգելու Հայաստանի և Արցախի միջև պաշտոնական և մասնավոր կապերը կամ խառնվել այդ գործընթացին, հետևաբար նման սպառնալիքները ոչ այլ ինչ են, եթե ոչ սադրանք, որին ռուսական կողմը ևս պետք է լուրջ ուշադրություն դարձնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան` մեկնաբանելով Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ Հայաստանից որևէ մեկն իրավունք չունի այցելելու Արցախ` առանց Ադրբեջանի իմացության։
Էլիբեգովայի խոսքով`շատ կարևոր է, որ ՀՀ ղեկավարությունն այդ հարցում շատ կոշտ դիրքորոշում հայտնի և հակադարձի Ալիևին, ինչը մինչ այս պահը չենք տեսնում։
«Մենք տեսնում ենք արձագանք ԱԳՆ-ից, որն իրավացի է, նման պնդումները բացարձակ անհիմն են, և տեսնում ենք ՄԻՊ-ի արձագանքը, բայց փաստացի ՀՀ ղեկավարությունը որևէ կերպ չի հակադարձում Ալիևին և որևէ կերպ չի փորձում սաստել նման պահվածքը, նման վարքագիծը և նման բառամթերքը, որն օգտագործում է Ադրբեջանի նախագահը»,- ասաց նա։
Ադրբեջանագետը չի բացառում, որ ՀՀ ղեկավարությունը միակողմանի որոշում է կայացրել որևէ պարագայում չհակադարձել Ադրբեջանի նախագահին, քանի որ և՛ մինչպատերազմական շրջանում, և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմական ընթացքում չեն փորձել զսպել Ադրբեջանի նախագահին իր բոլոր սպառնալիքների, վիրավորանքների ու ոչ կոռեկտ արտահայտությունների համար։
«Մեկ, երկու, երեք, կարելի է որպես վրիպակ դիտարկել, բայց երբ դա պրակտիկա է դառնում և կրկնվում է արդեն տասնյակ անգամ, նշանակում է, որ կա հստակ որոշում՝ չհակադարձել Ալիևին»,- նշեց նա։
Արման Թաթոյանը հայտարարություն է արել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին տեղի ունեցած ելույթում անդրադարձել էր նաև հայ պաշտոնյաների արցախյան այցերին և հայտարարել, որ այսուհետ ոչ միայն պաշտոնյաները, այլև Հայաստանի բնակիչները կզղջան, եթե Արցախ այցելեն առանց Ադրբեջանի իմացության։