ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Արցախում պատերազմի ժամանակ Անկարան Բաքվին օգնել է՝ ելնելով «մեկ ազգ, երկու պետություն» իրողությունից։ Ermenihaber–ի տեղեկացմամբ` նման հայտարարություն է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լիսաբոնում պորտուգալիացի պաշտոնակցի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ։
Նա խոսել է նաև եռակողմ հայտարարության ու հետպատերազմյան զարգացումների մասին` նշելով, որ Թուրքիան աջակցում է Ռուսաստանի միջամտությամբ ստորագրված հայտարարությանը։
«Այս պայմանագրից հետո Ադրբեջանի որոշած տեղերում համատեղ մշտադիտարկման կենտրոն ենք կառուցում: Դիտարկման կենտրոնների նպատակը հրադադարը վերահսկելը և խախտում լինելու դեպքում համապատասխան միջոցներ ձեռնարկելն է: Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի խախտի հրադադարը»,- ասել է Չավուշօղլուն։
Նա նաև հույս է հայտնել, որ կկարգավորեն Հայաստանի հետ մեր հարաբերությունները: «Ե՛վ Թուրքիա-Հայաստան, և՛ Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները կկարգավորվեն: Հայաստանն ու Հայաստանի ժողովուրդը տարածաշրջանում գտնվողներից ամենաշատը կօգտվեն այդ կարգավորումից»,–հայտարարել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:
Չավուշօղլուն ասել է` ինչպես են Թուրքիան և Ֆրանսիան փորձում կարգավորել հարաբերությունները
Չավուշօղլուն հայտարարել է, թե այսպիսով Հարավային Կովկասում մնայուն խաղաղություն և կայունություն կստեղծվի: