ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ո՛չ «Մեղրի», ո՛չ էլ ՀՀ որևէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն: Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով մեծ աղմուկ բարձրացրած լուրերին։
«Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունն առանձին քննարկման թեմա է։ Դրա արդյունավետության կարևոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաև անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների և արդյունավետության բարձրացումը»,–գրել է նա։
Փաշինյանը հայտնել է նաև, թե նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետագա իրագործման առաջնահերթությունը որն է։ Նրա խոսքով` նախ պետք է հայտարարության 8-րդ կետը լիարժեք իրագործվի` ըստ այդմ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև մարմինների լիարժեք փոխանակում: Վարչապետն նշել է, թե կարևոր է նաև տեղի ունեցած ռազմական գործողությունների գոտում ծավալուն որոնողափրկարարական աշխատանքների իրագործումը:
Բացի այդ, տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում պետք է լինի, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրան, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:
Ժամանակը Հայաստանի օգտին չի աշխատում, կամ ո՞րն էր Փաշինյանի և հեղափոխության «պլան Ա»-ն
Հիշեցնենք, որ Telegram–ի հայաստանյան որոշ ալիքներ ավելի վաղ հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 11-ին Մոսկվայում փաստաթղթեր ստորագրել, որոնք իբր պետք է «ամրագրեն Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխան տարածքների փոխանցումը», Նախիջևանի ինքնավարությունը Ադրբեջանի հետ կապող տրանսպորտային միջանցքի բացումը, ինչպես նաև Ղարաբաղից զորքերի դուրսբերումը: