ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Նախիջևանի միջանցքի բացումը կարող է թուլացնել Իրանի ազդեցությունն ինչպես Նախիջևանում, այնպես էլ ցամաքային Ադրբեջանում. Իրանին դա ձեռնտու չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Ահարոն Վարդանյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե արդեն Նախիջևանի միջանցքի բացմանն ուղղված կոնկրետ աշխատանքներ են իրականացվում։
Ալիևը նշել էր, թե այդ ճանապարհից կօգտվեն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը։
«Իրանն այս պարագայում կկորցնի իր ազդեցությունը Նախիջևանի վրա, քանի որ մինչև հիմա Նախիջևանը տնտեսական առումով մեծ կախում ունի Իրանից։ Հարցն այն է, որ Իրանն առանձին է դիտարկում Ադրբեջանն ու Նախիջևանը, առանձին է մշակում իր քաղաքականությունը երկուսի հանդեպ էլ։ Այսինքն` Նախիջևանով միջանցքի բացմամբ` Իրանի ազդեցությունը կարող է թուլանալ»,–ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով` իրանական իշխանությունները, սակայն, չեն հավատում նման տարբերակի։ Փաստն այն է, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև չկա բարձր քաղաքական վստահություն։ Իսկ եթե չկա այդ վստահությունը, եթե չկա քաղաքական փոխգործակցությունը, ապա Նախիջևանով միջանցք բացելու ծրագիրը քննարկելը, ըստ իրանագետի, անհեռատես քայլ է։ Բացի այդ` Վարդանյանը կարծում է, որ նման մեգածրագրերը քննարկելը դեռ իրատեսական չէ, քանի դեռ չեն լուծվում, օրինակ, գերիների հարցը, սահմանային վեճերը...
Սա սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է. «Իմ քայլը»՝ Սյունիք-Նախիջևան ճանապարհի մասին
Սակայն, մյուս կողմից, Իրանը փորձում է իր ներկայությունն ապահովել ընթացող գործողություններում` գոնե հետպատերազմական շրջանում։ Իրանում դժգոհություն կա, որ դուրս են մնացել տարածաշրջանային գործընթացներից և հարավային Կովկասում Իրանի ազդեցությունը վտանգվել է։
«Նախիջևանի միջանցքը որոշակի հնարավորություն կտա այդ առումով, սակայն Իրանն էլ փորձում է առաջարկել իր միջանցքը։ Խոսքը Նախիջևանի, Թուրքիայի և Հայաստանի վերևի եռանկյունու մասին է, որը Իրանը 1930-ականներին Թուրքիային է հանձնել։ Դա տնտեսապես ավելի ձեռնտու է, քանի որ տեղանքն ավելի լավ է և բարդ ռելիեֆային պայմաններ չկան` հեշտ է կառուցել ինչպես ցամաքային, այնպես էլ երկաթուղային ճանապարհ»,–ասաց Վարդանյանը։
Նա նկատեց` հայկական կողմից, սակայն, տնտեսական առումով չի ներկայացվել որևէ հաշվարկ` ձեռնտո՞ւ է, թե ոչ Նախիջևանով միջանցք բացելը։
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն էլ նշում է, որ մեծ զարմանք կապրի, եթե Նախիջևանի միջանցքի բացման ծրագիրն իրականություն դառնա։ Շեշտում է` այդ նախագիծը, ըստ էության, պանթուրքիզմի ծրագրի իրականացումն է, և այդ տեսանկյունից այն ոչ միայն Հայաստանի համար է վտանգավոր, այլ նաև տարածաշրջանի երկրների, այդ թվում` Իրանի։
«Չեմ կարծում, որ դա կարող է իրագործվել ու դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Իրանի համար։ Մեծ ուրախությամբ են Ադրբեջանում և Թուրքիայում եռակողմ հայտարարության 9-րդ կետն ընդունել։ Միջանցք բացելը դրական իրարանցում է առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում, և չեմ կարծում, որ այն, ինչ իրենց է ձեռնտու, մեզ էլ է ձեռնտու»,–ասաց Սաֆրաստյանը։
Նա նշեց, որ, օրինակ, կասկածում է, թե հնարավոր կլինի ապահովել Հայաստանից կամ դեպի Հայաստան ուղարկվելիք ապրանքների անվտանգությունը։ Սաֆրաստյանը հիշեց, որ խորհրդային տարիներին, երբ գնացքով Երևանից Բաքու են գնացել, ճանապարհն անվտանգ չի եղել։ Այսինքն` երբ Նախիջևանի տարածք են մտնելիս եղել, խորհուրդ են տվել միջանցքներում կամ պատուհանների մոտ չկանգնել, քանի որ դրսից քարերով հարվածում էին գնացքի ուղևորներին։ Ուստի, ըստ նրա, պետք է շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերել Նախիջևանով միջանցք բացելու ծրագրին։
Թուրքիայում կարծում են, թե Հայաստանին դա ավելի շատ է պետք․ Սաֆրաստյան
Հիշեցնենք, որ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի` Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության 9-րդ կետի` ՀՀ-ն պետք է ապահովի տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ 2 ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը: