Վերջին որոնողական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն կամ ողջ մնացած մարդ չի հայտնաբերվել

Աշխատանքները չեն դադարելու, քանի դեռ չեն համոզվել, որ չհայտնաբերված աճյուններ կամ ողջ մնացած մարդիկ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Հունվարի 6-ին Արցախում շարունակված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում որևէ աճյուն կամ ողջ մնացած անձ չի հայտնաբերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները հոգեբանական օգնություն են ցուցաբերել Արցախի 189 բնակիչներին

«Երեկ աշխատանքները շարունակվել են երեք ուղղություններով՝ հարավային, հյուսիսարևելյան, Թալիշ-Մատաղիս, սակայն աշխատանքների արդյունքում նշված հատվածներում որևէ աճյուն չի հայտնաբերվել»,- նշեց նա։

Թադևոսյանի տեղեկացմամբ՝ այսօր աշխատանքներն ընթանալու են Հադրութի, Ֆիզուլիի և Թալիշ-Մատաղիս ուղղություններում։
Նրա խոսքով՝ աշխատանքները չեն դադարելու, քանի դեռ վերջնականապես չեն համոզվել, որ Արցախի անտառներում, լեռնային գոտիներում, բոլոր այն շրջաններում, որտեղ ռազմական գործողություններ են ընթացել, աճյուններ կամ ողջ մնացած մարդիկ չկան։

Ռուս խաղաղապահներն Արցախում 20650 պայթուցիկ նյութ են վնասազերծել

Ընդհանուր առմամբ, որոնողափրկարարական աշխատանքների մեկնարկից՝ նոյեմբերի 13-ից մինչև հունվարի 6-ը ներառյալ, հայտնաբերվել է 1188 աճյուն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց։