Ինչպես կլուծվի բնակարանային հարցն Արցախում. նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Բնակարանները վերանորոգվելուց բացի կկահավորվեն, իսկ բնակիչներն էլ տնտեսական գործունեության համար միջոցներ կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել։ Նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նպատակը բնակչության սոցիալական ու բնակարանային խնդիրների կարգավորման ծրագրերի շուրջ քննարկումն է ԱՀ պետական լիազոր մարմինների ղեկավարների հետ։

Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որն աշխատանքային այցով արդեն մի քանի օր է՝ Արցախում է։

Հայաստանը պատրաստ է ապահովել կապը Ադրբեջանի և Նախիջևանի միջև. վարչապետի խոսնակ

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ինչպես տեղահանված, այնպես էլ Արցախ վերադարձած քաղաքացիների խնդիրներին համապարփակ լուծումներ տալու մոտեցումները:

«Առաջարկվել է շարունակել բնակչության յուրաքանչյուր անդամի (բացի արական սեռի՝ 18-58 տարեկան) 68,000-ական դրամի աջակցության տրամադրումը մի քանի ամիս շարունակ: Ըստ առաջարկի՝ վերապահումներ են լինելու միայն այն բնակիչների համար, որոնց բնակարանների և բնակավայրերի հետ կապված անվտանգային խնդիրներ չեն առաջացել, բայց շարունակում են մնալ ՀՀ տարբեր համայնքներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Սոցիալական աջակցության այս ծրագրի առաջարկը պետք է ավարտուն տեսքի բերվի ու հաստատվի ՀՀ կառավարության կողմից:

Արայիկ Հարությունյանի բարձրացրած հիմնական խնդիրը բնակարանային ապահովման հարցն էր: Նա հանձնարարել է վարչակազմերի ղեկավարներին առաջնահերթ ավարտել շրջաններում առկա ազատ բնակֆոնդի գույքագրումը և ցանկերը ներկայացնել պետական լիազոր մարմիններ: Նախագահն ընդգծել է, որ բացի վերանորոգումից, այդ բնակարանները կկահավորվեն անհրաժեշտ նվազագույն գույքով ու տեխնիկայով, ընտանիքներին կհատկացվեն տնտեսական գործունեության համար միջոցներ:

Ռուս խաղաղապահներն Արցախում 20650 պայթուցիկ նյութ են վնասազերծել

Տարվա ընթացքում համայնքներում նաև արագ կառուցվող տներ կլինեն՝ կենսական նշանակության բոլոր պայմաններով։

Նախագահը շեշտել է, որ կառավարության գործուն ջանքերով կարճ ժամանակահատվածում հաջողվել է վերականգնել հանրապետության ենթակառուցվածքների գերակշիռ մասը։ Հիշեցնենք, որ դրանց զգալի մասը վնասվել էր հակառակորդի հրթիռահրետանային հարվածների հետևանքով։

Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները հոգեբանական օգնություն են ցուցաբերել Արցախի 189 բնակիչներին

Կասֆալտապատվեն նաև միջգյուղական ճանապարհները, կիրականացվեն ոռոգելի հողատարածքների քանակի ավելացման և գյուղատնտեսական աշխատանքների խրախուսման մեծածավալ ծրագրեր։