Ավելի քան 47 650 բնակիչ վերադարձել են Արցախ․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետությունից Արցախ վերադարձող բնակիչների հերթական շարասյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի — Sputnik. Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով 178 արցախցի է վերադարձել։ Տեղեկությունն այսօր հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր են վերադարձել 47 հազար 653 արցախցի։

Հայ և ռուս սահմանապահները հսկում են Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը. տեսանյութ

Խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը նրանց մշտական բնակության վայրեր, հումանիտար օգնություն են ցուցաբերում, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում 23 դիտորդական կետերում», - նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Ռուսաստանի ԱԻՆ-ի մասնագետները հոգեբանական օգնություն են ցուցաբերել Արցախի 189 բնակիչներին

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։