ԱՆ խոսնակը մի փոքր շտապել է. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը դեմ է կարանտինը երկարաձգելուն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի տնտեսությանը հիմա թթվածին է պետք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik Արմենիա. ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր` հունվարի 7–ին հայտարարել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը չի պաշտպանում կորոնավիրուսային կարանտինը վեց ամսով երկարաձգելու` առողջապահության նախարարության գաղափարը։ Կարանտինի ժամկետը լրանում է հունվարի 11-ին:

Նույնիսկ հայերը «հանձնվեցին»․ ինչպես է կարանտինը փոխել վարվեցողության կանոնները

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ առողջապահության նախարարությունը կառավարություն է ուղարկել կարանտինը վեց ամսով երկարաձգելու որոշման նախագիծը:

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է կորոնավիրուսային իրավիճակով։ 2020 թ․-ի սեպտեմբերի 11-ին Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով կարանտին Էր հայտարարել մինչև 2021 թ․-ի հունվարի 11-ը՝ նախկինում գործող արտակարգ դրության փոխարեն:

«Մենք դեմ ենք այդպիսի որոշմանը։ Իրականում առողջապահության նախարարության մամուլի խոսնակը մի փոքր շտապել է, քանի որ այդ որոշումը չի քննարկվել էկոնոմիկայի նախարարության հետ։ Առաջարկը մենք կքննարկենք և միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կարող ենք համաձայնել դրա որոշ կետերի հետ»,-ասել է Քերոբյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա նշել է, որ «տնտեսությանը հիմա թթվածին է պետք»։

«Պետք է անել ամեն հնարավոր բան, որպեսզի տնտեսությունը առավելագույնս բաց աշխատի»,-ընդգծել է նախարարը։

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

Ավելի վաղ ՀՀ Ազգային Ժողովը օրենսդրական փաթեթ էր ընդունել, որը նախատեսում էր առանց արտակարգ դրության իրավական ռեժիմի, կարանտինի միջոցով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի մեխանիզմներ: Օրինագիծը թույլ է տալիս կարանտինի շրջանակում համաճարակի գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմի սահմանում (վարակիչ հիվանդություններ բերելու կամ տարածելու վտանգի դեպքում), պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի սահմանափակում, դիտարկում, ինքնամեկուսացում և մեկուսացում:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տվյալների՝ փոփոխությունները նախատեսում են ավելի խիստ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն, մասնավորապես՝ հավաքների և հասարակական միջոցառումների անցկացման, ապրանքների տեղաշարժի սահմանափակումներ: Միաժամանակ, կարանտինի պայմաններում չի գործում քաղաքացիների գտնվելու վայրը որոշելու համար էլեկտրոնային հսկողության համակարգը, ինչպես նաև տնտեսական գործունեության և ընտրությունների անցկացման արգելքը: Հանրահավաքների և ցույցերի կազմակերպումը Հայաստանում հիմա թույլատրված է անվտանգության կանոնների պահպանման պայմանով։

Նոր կարանտին, նոր տուգանքներ. որ դեպքում ինչքան է նախատեսված