Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը

Մարդասիրական օգնություն տեղափոխողող հատուկ չվերթը կազմակերպել է Ֆրանսիայի կառավարությունը, իսկ ինքնաթիռի հատկացման գործընթացը նախաձեռնել են Ջորկաեֆ եղբայրները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը: Տեղեկությունը հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը։

Ռուսաստանը ևս 7 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

«Մեր թիմը կսկսի օգնության բաշխումը, երբ այն ժամանի «Ազնավուր» կենտրոն (բաշխումն իրականացվում է արցախցի տուժած ընտանիքների հետ աշխատող կազմակերպությունների միջոցով)։ Ցանկանում ենք նաև ընդգծել, որ այս ինքնաթիռի հատկացման գործընթացը նախաձեռնել են Յուրի և Դենի Ջորկաեֆները, իսկ հատուկ չվերթը դարձյալ կազմակերպել է Ֆրանսիայի կառավարությունը: Յուրի Ջորկաեֆն այս անգամ ևս անձամբ ժամանել է Հայաստան՝ մի խումբ ֆրանսիացի բժիշկների հետ շարունակելու մարդասիրական առաքելությունը և աջակցելու արցախյան պատերազմից տուժածներին»,–նշված է հաղորդագրության մեջ։

«Ազնավուր» հիմնադրամը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներգրավված բոլոր կազմակերպություններին, կողմերին և անհատներին, որոնք մասնակցել են այն հավաքագրելու և տեղափոխելու գործընթացին:

Մարդասիրական օգնությամբ նախորդ 4 ինքնաթիռները Ֆրանսիան ուղարկել էր նոյեմբերի 22-ին, 27-ին, դեկտեմբերի 11–ին և 31–ին: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ գործարկում է Արցախի հայ բնակչության աջակցության համալիր ծրագիր։

Նշենք, որ Դենիս Ջորկաեֆը ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է, իսկ Յուրի Ջորկաեֆը` աշխարհահռչակ ֆուտբոլիստ, աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն, ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենը։