Նիկոլ Փաշինյանը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Ռուսաստանը շահագրգռված է շարունակելու այն ծրագրերը, որոնք միտված են հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհավորել է հյուրին Ամանորի առիթով և ընդգծել այցի կարևորությունը հայ-ռուսական փոխգործակցության, արցախյան իրավիճակի քննարկման համատեքստում։

«Ռուսը պետք է ապացուցի՝ մե՞րն է, թե՞ իրենցը». Սյունիքի մարզպետը` Շուռնուխի տների մասին

«ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է այն մեծ դերը, որ Ռուսաստանի Դաշնությունն ունեցել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում և նշել, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը անվտանգության ապահովման կարևոր գործոն է ու երաշխիք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերը և Ռուսաստանի կառուցողական դերակատարումը Արցախում իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ փոխվարչապետը ևս շնորհավորել է տոների առիթով և փոխանցել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները: Նրա խոսքով՝ Ռուսաստանը վերահաստատում է իր աջակցությունը բարեկամ հայ ժողովրդին այս բարդ ժամանակահատվածում։

ՌԴ-ն շահագրգռված է շարունակելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերը:

Ստեփանակերտի ականզերծումը շարունակվում է. ինչքան տարածք են մաքրել ռուս խաղաղապահները

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցությունը, պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման աշխատանքներին վերաբերող հարցեր։

Ընդգծվել է գերիների փոխանակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետևողականության կարևորությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի։

ՀՀ վարչապետը և ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են երկու երկրների փոխգործակցությանը տարբեր բնագավառներում, այդ թվում` տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, կորոնավիրուսի դեմ պայքարի։

ՌԴ խաղաղապահները շարունակում են ապահովել Լաչինի միջանցքի անվտանգությունը