ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Այս գիշեր կորոնավիրուսից մահացել է հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ցավալի լուրը Facebook-ի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Լիլիթ Ադիբեկյանը։
«Եկավ ամենասարսափելի օրը։ Աշխարհը փլվեց... Հայրիկը գնացել է՝ իր հետ տանելով փոքր ու անհոգ դուստր լինելու վերջին հնարավորությունը։ Թվում էր, թե նա միշտ կլինի։ Խելացի և իմաստուն, մի մարդ, որը կրթել է բազմաթիվ սերունդներ, նա ապրում էր իր երկրի համար և հոգ տանում շատերի համար։ Որբացել ենք ոչ միայն մենք ՝ նրա զավակները, այլև բոլոր նրանք, ում համար նա ընկեր էր, դաստիարակ, խորհրդական և առաջնորդող աստղ»,- գրել է Լիլիթ Ադիբեկյանը։
Նա ցավով նշել է, որ կորոնավիրուսը հաղթեց ինտելեկտին և իմաստնությանը:
Կորոնավիրուսոտ 2020–ը. ինչ հետք թողեց վարակը տարածաշրջանում
Նշենք, որ փետրվարի 27-ին Ահարոն Ադիբեկյանը կդառնար 79 տարեկան։ 1991թ.-ին նա հիմնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը, որը հարյուրավոր հետազոտություններ է կատարել ՀՀ կառավարության, առանձին նախարարությունների, տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, խոշոր միջազգային կառույցների պատվերներով։
1975թ.-ից Ահարոն Ադիբեկյանը դասավանդում էր 15 տարբեր բուհերում երկու տասնյակից ավելի առարկաներ։
Կորոնավիրուս, պատերազմ. 2020-ի Հայաստանն ու Արցախը ներկայացնող լուսանկարները