Ինչպես խելքի բերել բանակն ու զինանոցը. սուղ միջոցներ, պահանջված զենք և չավարտված պատերազմ

ՀՀ զինված ուժերը լրջորեն տուժել են պատերազմի պատճառով։ Եվ քանի որ տարածաշրջանում լարվածությունը դեռ երկար է պահպանվելու, ապա արդեն պետք է համալրել զինանոցները։ Ռուս ռազմական փորձագետը վերլուծում է, թե ի՞նչ հետևություններ պետք է անի հայկական կողմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  3 հունվարի – Sputnik. Արցախյան պատերազմի արդյունքների ֆոնին հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը հատուկ նշանակություն է ստանում։ Հայաստանին, ինչպես երբեք, ժամանակակից սպառազինություն է պետք, ընդ որում՝ զարգացման կարիք ունեն բոլոր տեսակի զորքերը։ Գաղտնիք չէ, որ երկրի Զինված ուժերը լրջորեն տուժել են պատերազմի հետևանքով։ Եվ քանի որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության մասին խոսելը դեռ երկար ժամանակ է անտեղի լինելու, ապա զինանոցն արդեն իսկ պետք է համալրել։

Հաղթել որակով, ոչ թե քանակով…

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը կարծում է, որ Զինված ուժերի հետագա զարգացման և զենքի գնման հարցում Երևանը պետք է շեշտը դնի որակային, այլ ոչ թե քանակային գերազանցության վրա։ Ռուսաստանը, նրա խոսքով, դաշնակցին առաջարկելու բան ունի։

ՌԴ ՊՆ–ն առաջին անգամ ցուցադրել է «Օրիոն» անօդաչուի հարվածային տարբերակը. լուսանկար

«Հաշվի առնելով վերջին պատերազմի փորձը, որը ցույց տվեց Ադրբեջանի գերազանցությունը օդում, Հայաստանին խիստ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր։ Հասկանալի է, որ միայն «Օսա» ԶՀՀ-ներն ու մի քանի միավոր «Տոր»-երը բավարար չեն։ Ժամանակակից ՀՕՊ համակարգերի ստեղծման համար պետք է մի շարք բաղադրիչներ ունենալ։ Նախևառաջ պետք է С-400 համակարգեր գնել, իսկ զորքային ՀՕՊ համակարգերից ես կնշեի «Պանցիր-ՍՄ» ԶՀՀ-ները և «Տոր» համալիրների լրացուցիչ քանակը»,-նշեց Եվսեևը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

Հզոր ՀՕՊ համակարգի զարգացումն անհնար է առանց ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգերի։ Մեր զրուցակցի կարծիքով՝ Հայաստանը պետք է «Կրասուխա» ցամաքային և «Խիբինի» օդային տեղակայման ՌԷՊ համակարգեր ձեռք բերի։ Երկու համակարգերն էլ ապացուցել են, որ հակառակորդի թռչող սարքերի դեմ պայքարի հուսալի և արդյունավետ միջոց են։

Հռչակավոր ԱԹՍ-ների մասին

Հաշվի առնելով ադրբեջանական բանակում առկա անօդաչու սարքերի մեծ քանակը` ապագայում Հայաստանը ստիպված կլինի փող ծախսել նաև դրոնների գնման վրա։ Քանի որ Հայաստանը հարվածային ԱԹՍ-ների ոլորտում սեփական մշակումների փորձ ունի, Եվսեևը վստահ է, որ հետագայում այդ հատվածը կարելի է զարգացնել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ գործընկերության միջոցով։

Ռուսաստանն այս պահին ուժեղացված տեմպերով զարգացնում է սեփական անօդաչու ավիացիան, ընդ որում՝ առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում որսացող անօդաչուների մշակմանն ու արտադրությանը։ Խոսքը «Охотник»-ի մասին է. դրանք ռուսական բանակի սպառազինության մեջ կարող են ներառվել արդեն 2024թ․-ին։ Եվսեևը միանգամայն իրատեսական է համարում  ժամանակակից ԱԹՍ-ների հայ-ռուսական համատեղ արտադրությունը։

Սակայն անօդաչուների արդյունավետ օգտագործման համար կառավարման համակարգ է հարկավոր։ Հայաստանը կարող է մարտական կառավարման ռուսական համակարգերի հետ միավորման հարց դնել։

ՌԴ–ն Ղարաբաղում կիրառված ԱԹՍ–ների փորձը հաշվի կառնի իր նոր ծրագրում․ փոխվարչապետ

«Հայաստանի համար հետաքրքիր կլիներ նաև ռուսական արբանյակային համակարգերին հասանելիություն ստանալը։ Կարելի է այդ մասին բանակցություններ վարել։ Եթե Հայաստանը հնարավորություն ստանա ռուսական տիեզերական հետախուզության տվյալներն օգտագործելու, ապա դա էապես կմեծացնի երկրի մարտական հնարավորությունները։ Պետք է կարողանալ կռվել իրական ժամանակում, բայց առայժմ ՀՀ զինված ուժերը դա չեն կարող անել, ցավոք սրտի»,-ասաց նա։

Առանց ինքնաթիռների չի լինի

Առաջիկա տարիներին Հայաստանը պետք է շարունակի օդաչուավոր ավիացիայի զարգացումը։ Առանց ուժեղ կործանիչ ավիացիայի անհնար է խոսել ոչ միայն օդում գերազանցության, այլև արդյունավետ հակաօդային պաշտպանության մասին: Ընդհանրապես, օդում գերիշխանություն ունենալու մեծ շղթայում կարևոր են բոլոր օղակները՝ կործանիչներ, դրոններ, գրոհիչներ, ուղղաթիռներ։

Սու-57 ռուսական կործանիչը գրավում է աշխարհը․ ի՞նչ է լինելու հետո

Կործանիչներն այս ամբողջ շինության անկյունաքարն են։ Առանց դրանց ամբողջ կառուցվածքը փլվում է։ Պետք է արձանագրել, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը երկար տարիներ, ըստ էության, չէր հասկանում այդ պարզ ճշմարտությունը, ինչի պատճառով Հայաստանը նոր է սկսել առաջին քայլերն անել։

Նախորդ տարի Երևանը գնել էր 4 միավոր Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչներ, նախատեսվում էր գնել ևս ութ նման ինքնաթիռ։ Առայժմ հայտնի չէ` արդյո՞ք պատերազմն ու տնտեսական հետընթացը շտկումներ կմտցնեն այդ ծրագրերում, բայց ակնհայտ է, որ չորս ինքնաթիռով սահմանափակվելը հիմարություն կլինի. դրանք պարզապես անօգուտ խաղալիքներ կդառնան:

Որպեսզի այդ մեքենաների հնարավորությունները լիովին կիրառելի լինեն, պետք է ունենալ առնվազն մեկ էսկադրիլիա՝ 12 ինքնաթիռ։ Նույն Ադրբեջանն օդում կարողացավ գերազանցության հասնել հիմնականում թուրքական F-16-ների շնորհիվ, որոնք այնտեղ էին տեղափոխվել պատերազմից մեկ ամիս առաջ։ Առանց թուրքական ինքնաթիռների Բաքվի հնարավորությունները զգալիորեն սահմանափակված կլինեին։

Իսկ ցամաքում...

Ավիացիայի դերն, իհարկե, անվիճարկելի է, բայց այնուամենայնիվ պետք է հաշվի առնել, որ մարտական գործողությունների զգալի մասը գետնի վրա է ծավալվում։ Իսկ դա նշանակում է, որ ցամաքային զորքերը ևս լուրջ թարմացման ու համալրման կարիք ունեն։ Եվսեևի կարծիքով՝ Արցախի պատերազմն ի հայտ բերեց հայկական զորքերում ինքնագնաց զենքերի պակասը...

Ռուսական զենք․ ինչ են իրենցից ներկայացնում առաջին սերիական Սու-57-ն ու «Օխոտնիկ» ԱԹՍ-ն

«Այդքան քիչ ինքնագնացներ ունենալն անթույլատրելի է։ Հայկական հրետանու հիմնական մասը քարշակվող զենքերն են։ Այդ հանգամանքը չափազանց նվազեցնում է հրետանու շարժունակությունը։ Ինքնագնաց զենքերի տրամաչափը ևս պետք է տարբեր լինի՝ խոշոր տրամաչափի «Պիոններից» մինչև մանր տրամաչափի զենքեր։ Գումարտակային մարտավարական խմբերի մակարդակով արդյունավետ մարտական գործողությունները ենթադրում են այսպես կոչված «կրակային հորձանքի» օգտագործում ։ Այն ապահովվում է առաջին հերթին ինքնագնացների հաշվին»,-ասում է մեր զրուցակիցը։

Փողային հրետանին պետք է լրացնեն համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։ Ադրբեջանի զինանոցում ռեակտիվ համակարգերի լայն տեսականի կա՝ «Գրադներից» և «Սմերչերից» մինչև իսրայելական LAR-160 և թուրքական Kasirga։ Հայկական բանակը նման հարստությամբ չի կարող պարծենալ, այն հիմնականում ունի «Գրադ»-ներ և «Սմերչ»-ներ, ընդ որում՝ դրանց թիվը զգալիորեն ավելի քիչ է, քան հակառակորդինը։

Կապանի քաղաքապետն առաջարկում է զենք կրելու թույլտվություն տալ Սյունիքի բնակիչներին

Եվս մեկ կարևոր բաղադրիչ, ըստ փորձագետի, զրահատանկային տեխնիկան է։ Ապագայում Հայաստանը ստիպված կլինի փող ծախսել ժամանակակից Т-90 տանկեր և БМП-3 հետևակի մարտական մեքենաներ ձեռք բերելու համար։

Անշուշտ, սպառազինության թվարկված բոլոր համակարգերի գնումը լրացուցիչ մեծ բեռ է տնտեսության վրա։ Ամենայն հավանականությամբ, շատ գնումներ հարկ կլինի անել վարկային միջոցների հաշվին, ինչպես դա արվել է վերջին տարիներին։ Միջոցների պակասը պետք է Հայաստանի ղեկավարությանը ստիպի կշռադատված ծախսել յուրաքանչյուր դոլարը, ճիշտ սահմանել առաջնահերթությունները և հրաժարվել նավթով հարուստ Ադրբեջանի հետ քանակական հավասարության ձգտումից։