ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Կյանքից հեռացել է տաղանդաշատ կինոօպերատոր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, հայկական բազմաթիվ սիրված ֆիլմերում սեփական ձեռագիրը թողած արվեստագետ Ռուդոլֆ Վաթինյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։
Վաթինյանն այս տարվա մայիսին կդառնար 80 տարեկան։
Նրա ուղին անցել է մոսկովյան հեղինակավոր կինոինստիտուտից՝ ՎԳԻԿ-ից մինչև «Հայֆիլմ» կինոստուդիայի լավագույն տարիներ, երբ ստեղծագործական կյանքը արվեստագետի սկզբունքների դրսևորման ուրույն ճանապարհ էր:
«Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, միության վարչության, կինոհանրության անունից խորապես ցավակցում ենք Ռուդոլֆ Վաթինյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, բարեկամներին:Հանգչիր խաղաղությամբ, սիրելի գործընկեր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ճանաչված կինոօպերատորի անունն ուղղակիորեն շաղկապված է հայ կինոյում հավերժորեն մնացած անհատականությունների՝ Յուրի Երզնկյանի, Կարեն Գևորգյանի, Ալբերտ Մկրտչյանի և այլոց ու նրանց կերտած ֆիլմերի ստեղծագործական ուղու հետ՝ այդ ընթացքում թողած եզակիորեն տարբերվող ձեռագրով, արվեստային մտահղացումներով:
Վաթինյանն իր կինոմտածողությունն ու կինոընկալումն է դրել մի շարք ֆիլմերում` «Խաթաբալա», «Այս կանաչ, կարմիր աշխարհը», «Շեկ ինքնաթիռ», «Խոհարարները եկել են մրցույթի», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Գիշերում առկայծող կրակը», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս», «Քրմուհին» և այլն: