Մահացել է Ազիզ Թամոյանը

Ազիզ Թամոյանը, որը 1988-1994 թվականներին մասնակցել է Արցախյան շարժմանը, մահկանացուն կնքել է 87 տարեկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Կյանքից հեռացել է ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը։

«Մահվան պատճառը չգիտեմ»,– նշեց նա։

Թամոյանը ծնվել է 1933 թվականի հուլիսի 1-ին Շահումյանի շրջանի Ամո գյուղում (այժմ` ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղ)։

1989 թվականի սեպտեմբերի 30-ին ընտրվել է ՀՀ Եզդիների ազգային միության նախագահ, իսկ 1997 թվականին՝ «Աշխարհի եզդիների ազգային միություն» կազմակերպության նախագահ։

Մահացել է Ռուդոլֆ Վաթինյանը

1988-1994 թվականներին մասնակցել է Արցախյան շարժմանը` ղեկավարելով եզդիական կամավորական ջոկատը, որը կոչել է եզդիների ազգային հերոս՝ Ջհանգիր աղայի անունով, եղել է ջոկատի կազմակերպիչն ու մարտական գործողությունների շտաբի պետը, հրամանատարը։

Միաժամանակ մասնակցել է երկրաշարժի փրկարարական աշխատանքներին, եզդիական ջոկատով փրկել են տասնյակ մարդկանց և երկրաշարժի գոտուն ցուցաբերել նյութական օգնություն:

Մասնակցել է եզդիերեն դասագրքերի ստեղծմանը, ղեկավարել դրանց աշխատանքը, ընդ որում, 1-2-րդ և 4-10-րդ դասարանների դպրոցական դասագրքերի համահեղինակն է ու 3-րդ դասարանի դպրոցական դասագրքի հեղինակը։ Միաժամանակ հեղինակել է «Եզդի ժողովրդի սխրանքը Ղարաբաղյան պատերազմում», «Մենք Եզդի ենք», «Մի գերդաստանի պատմություն», «Եզդի ժողովրդի մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմում» գրքերը։