Միությանն անդամակցելն օգնել է զարգացնել Ռուսաստանի հետ առևտուրը։ Հայաստանից արտահանումը հաջողությամբ վերականգնվել է 2014-15 թվականներին Ռուսաստանում առկա տնտեսական դժվարություններից հետո։ Զարգանում է առևտուրը նաև Միության մյուս հանրապետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ, ընդ որում` ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։
2015 թվականին Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը նվազել էր ՌԴ–ում տնտեսական անբարենպաստ իրավիճակի պատճառով։ Սակայն հետագա տարիներին հայ–ռուսական առևտուրը սկսեց վերականգնվել և այժմ գերազանցում է նախաճգնաժամային մակարդակը։ Հատկապես աճել է Հայաստանից արտահանումը` գրեթե 2.4 անգամ։ Ընդ որում` այժմ Հայաստանն արտահանում է ոչ միայն կոնյակ ու միրգ–բանջարեղեն, այլ նաև մեծ ծավալներով պատրաստի հագուստ։ Աճել է նաև Ռուսաստանից չմշակված ադամանդների ներկրումը, որոնք այստեղ մշակում են հայկական ձեռնարկությունները։
Թեև ավելի համեստ ծավալներով, բայց աճում է առևտուրը Միության մյուս երկրների հետ։ Հայաստանից այնտեղ դեղորայք և ոսկերչական իրեր են արտահանվում, ինչպես նաև կոնյակ, մրգի և բանջարեղենի պահածոներ։ Ղրղզական շուկա մուտք գործելը բարդ է աշխարհագրական պատճառներով, Բելառուսի շուկա` ներմուծման սահմանափակումների (Բելառուսի մանրածախ առևտրի ապրանքների 75%–ը պետք է հայրենական արտադրության լինեն)։ Սակայն ինչպես այս երկրներում, այնպես էլ Ղազախստանում հայկական արտադրանքը կա նաև հայկական ծագում ունեցող գործարարների էնտուզիազմի շնորհիվ։
Բելառուսից նախկինի պես կաթի փոշի, փայտե արտադրանք (մանրատախտակ և փայտատաշեղային սալեր`ԴՍՊ), տրակտորներ են ներմուծվում, իսկ Ղազախստանից` կոսմետիկա, ինչպես նաև ավտոմեքենաների մարտկոցներ։
2.5 տարվա ամբոխահաճո տնտեսական քաղաքականությունը կոտրել է ՀՀ տնտեսության ողնաշարը
Ռուսաստանից աճել է պլաստմասե արտադրանքի մատակարարումը (մինչ այդ արտադրանքի զգալի մասը Թուրքիայից էր ներմուծվում)։ Ռուսաստանում գտնվող արտասահմանյան ապրանքանիշների հավաքման ձեռնարկություններից աճել է համակարգիչների, բջջային հեռախոսների, լվացքի մեքենաների ներմուծումը։
2021 թվականին ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքների համար նոր հնարավորություններ կբացվեն, քանի որ Հայաստանը որոշել է հրաժարվել թուրքական ապրանքների ներմուծումից (թեկուզև դեռ ժամանակավորապես)։ Թեև Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի համեմատ նոր շուկաներն այդքան էլ մեծ չեն, այնուամենայնիվ կարող են հետաքրքիր լինել. պլաստիկի և հագուստի դեպքում տասնյակ միլիոնավոր դոլարների շուկաներ են ազատվում։ Իսկ Ղրղզստանի չափանիշներով այդ շուկան առավել ևս զգալի է։
Ներկրվող ապրանքների փոխարինման հաջող օրինակ արդեն կա. վերջին 5 տարվա ընթացքում հայկական շուկայում էապես աճել է ռուսական և բելառուսական կահույքի մասնաբաժինը։
ԵԱՏՄ երկրները եղել և մնում են Հայաստանից պատրաստի արտադրանքի խոշորագույն գնորդները։ Այդ շուկայում Հայաստանը հաջողությամբ ոչ թե հումք, այլ պատրաստի ապրանքներ է վաճառում, մինչդեռ դեպի Չինաստան ու ԵՄ մեր երկիրը զգալի քանակի մետաղական խտանյութեր է արտահանում, այսինքն` կիսաֆաբրիկատներ։ Կան նաև պատրաստի արտադրանքների արտահանման հաջող օրինակներ, դրանցից մեկը ևս կապված է ԵԱՏՄ երկրների հետ։ «Ռուսալ Արմենալ» գործարանում արտադրվող ալյումինե փայլաթիթեղը երկար տարիներ և հաջողությամբ արտահանվում է ԵՄ եւ ԱՄՆ։
Միևնույն ժամանակ, չնայած կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարություններին, աճել է Հայաստանից արտահանումը դեպի Բելառուս։
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի պատճառով ԵԱՏՄ երկրների հետ առևտուրը ավելի քիչ է տուժել, քան ԵՄ–ի հետ։
Ընդ որում` դեպի ԵԱՏՄ Հայաստանի արտահանումը թեև նվազել է, սակայն ավելի քիչ, քան դեպի ԵՄ։
Արտասահմանյան երկրներից Ռուսաստանը եղել ու շարունակում է մնալ պաշտպանական արտադրանքի խոշորագույն գնորդը հայկական գործարաններից։ Երկու գործարան պատվերներ են կատարում ռուսական ավիացիոն արդյունաբերության համար, մեկը ռադիոդետալներ է արտադրում հրթիռների համար, մյուսը` սուզանավերի համար ջրի աղիության չափիչներ, երրորդը`տպագիր տպասալեր պաշտպանական էլեկտրոնիկայի համար։
Կառավարությունը չի կարողանալու վճարել թոշակները. Հայաստանին սպասվում է էներգետիկ ճգնաժամ
Դեպի Բելառուս ու Ղրղզստան վերջին տարում սկսել է աճել հայկական միրգ ու բանջարեղենի պահածոների արտահանումը, Ղազախստան` ոսկերչական իրերինը։ Դեպի Ռուսաստան կարգավորվել է բորբոսնած («ազնվական») պանրի արտահանման խնդիրը։ Արտահանման հետ կապված ընթացակարգային դժվարությունները հարթվել են։ Ռուսաստան է շարունակվում արտահանվել պատրաստի հագուստ, որի արտադրությունը Հայաստանում ընդլայնվել է ՌԴ կառավարության կողմից ֆինանսավորած ծրագրի շնորհիվ։
Բացի այդ, 2020 թվականին ստորագրվել, իսկ տարվա ընթացքում վավերացվել է ԵԱՏՄ համաձայնագիր, որով անդամ երկրները փոխադարձ ճանաչում են իրենց աշխատողների կենսաթոշակային ստաժը (թեև միայն հետայսու, այլ ոչ թե նախկին տարիների համար)։
Հայկական գործարաններից մեկն էլ պատրաստվում է Ռուսաստան արտահանել արժեքավոր շինանյութ (բազալտե մանրաթել և ցանցեր)։ Սա շենքերի և ճանապարհածածկի մեկուսացման ժամանակակից և արդյունավետ միջոց է:
Իրանի և Վիետնամի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի արդյունքը Հայաստանի համար դեռ մեծ չէ (հատկապես հաշվի առնելով, թե որքան ակտիվ է Իրանի կառավարությունը պաշտպանում սեփական շուկան)։ Այնուամենայնիվ, վերջին երկու տարվա ընթացքում արտահանումը դեպի Վիետնամ, թող որ աննշան, բայց աճել է։
2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես միացել է ԵԱՏՄ–ին։ ԵԱՏՄ–ին անդամակցելու պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերին։