Սահմանների հարցը Գեղարքունիքում լուրջ խնդիրներ է ստեղծել. ի՞նչ է արձանագրել պաշտպանը

Բնակիչները մտահոգված են ոչ միայն իրենց կյանքի և ֆիզիկական անվտանգության համար, այլև գյուղատնտեսությամբ զբաղվելու անհնարինությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզում սահմանների որոշման հարցը մարդկանց խնդրի առաջ է կանգնեցրել, կենսական իրավունքները լրջորեն վտանգելուց մինչև ապրուստը հոգալու հարցեր առաջ բերել։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը երեկ այցելել է մարզ։

Պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ այցի ընթացքում անցկացվել են հանդիպում համապատասխան զորամիավորման հրամանատարի հետ, քննարկումներ՝ մարզպետի, նաև Գեղամասար համայնքի ղեկավարի հետ։ Պաշտպանն այցելել և աշխատանքային քննարկումներ է ունեցել Սոթք, Կութ, Նորաբակ և այլ գյուղերում:

«Սահմանային դարձած գյուղերի բնակիչներն իրական մտահոգություններն են հայտնել, որոնք վերաբերում են ինչպես կյանքի և անվտանգության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, այնպես էլ կենսական կարևորության մյուս իրավունքներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ ու անասնապահության զբաղվելու անհնարինությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Թաթոյանը նաև հանդիպել է Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ղեկավարության հետ։ Քննարկվել են ինչպես գործարարության ոլորտին, այնպես էլ աշխատողների իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր։

Պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ այս այցի արդյունքները կամփոփվեն և գրություններ կուղարկվեն պետական կառավարման մարմիններին: Ինչպես նաև կկատարվեն անհրաժեշտ հարցումներ ու կպահանջվեն համապատասխան պարզաբանումներ:

Սահմանազատման ավարտից հետո 2 պետությունների միջև համաձայնագիր է կնքվում. ԱԳՆ-ն՝ ՄԻՊ-ին