Ռուսաստանը Հայաստանի տարածքում գտնվող արցախցիների համար 10 մլն եվրո գումար է տրամադրել

Աջակցությունը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև կնքված համաձայնագրի համաձայն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Ռուսաստանը ևս 7 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

Տեղեկացվում է, որ սույն թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն. եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրում ՀՀ կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռազմական գործողությունների արդյունքում Հայաստան տեղափոխված արցախցիները պետությունից միանվագ դրամական օգնություն կստանան՝ 68 հազար դրամի չափով, ինչպես նաև լրացուցիչ օգնություն ՝ 15 հազար դրամի չափով, եթե Հայաստանի տարածքում անշարժ գույք չունեն: