Պատերազմի ավարտին չենք հասել. 2021-ին նոր կիբեռհարձակումներ են սպասվում

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը համոզված է` հարձակումները ոչ միայն կպահպանվեն առաջիկա տարվա ընթացքում, այլև ժամանակ առ ժամանակ կուժգնանան՝ կախված քաղաքական և ռազմական գործողություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. 2021 թվականին հայաստանյան մամուլը մնալու է ադրբեջանական հաքերային թիմերի թիրախում։ Հաջորդ տարվա կիբեռանվտանգության մասին նման կանխատեսում է արել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ինչպե՞ս էր հնարավոր խուսափել պատերազմից. Նիկոլ Փաշինյանի տարբերակը

«Հրադադարի ստորագրելուց հետո, նոյեմբերի 10-ից բացարձակապես չդադարեցին DDoS հարձակումները հայաստանյան լրատվականների դեմ։ Դեռ երկար շաբաթներ կայքերի դեմ աշխատում էին ադրբեջանական բոտնետները։ Դա պայմանավորված է նրանով, որ չնայած կա հրադադարի պայմանագիր, սակայն բուն պատերազմի ավարտին մենք չենք հասել։ Այն շարունակվում է հիբրիդային տեսքով, և տեղեկատվական կոմպոնենտը հիմնականներից է այս պահին։ Այդ իսկ պատճառով գրոհները լրատվական կայքերի դեմ լինելու են շարունակական»,– իր կատարած ուսումնասիրության մեջ նշում է Մարտիրոսյանը։

Նրա համոզմամբ` այս հարձակումները ոչ միայն կպահպանվեն առաջիկա տարվա ընթացքում, այլև ժամանակ առ ժամանակ կուժգնանան՝ կախված քաղաքական և ռազմական գործողություններից։

Ընդ որում` DDoS հարձակումների կենթարկվեն հատկապես հայաստանյան լրատվամիջոցներն ու իրավապաշտպան կազմակերպությունները։

Մյուս վտանգը, որ Սամվել Մարտիրոսյանի կանխատեսմամբ շարունակելու է արդիական լինել թվային աշխարհում թե՛ Հայաստանի և թե՛ աշխարհի համար, կրիպտովիրուսների (ransomware) հարցն է։

Պատերազմի ավարտին չենք հասել. 2021-ին նոր կիբեռհարձակումներ են սպասվում

Ըստ Մարտիրոսյանի` այս խնդիրը Հայաստանում լուրջ ազդեցություն ունի ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների մակարդակով, բայց չի հանրայնացվում, մինչդեռ այն անձնական տվյալների արտահոսքի շատ լուրջ վտանգ ունի։

Թե ինչպես կամավորական Բաբայանը փրկվեց ականի պայթյունից, երբ պատերազմը վերջացել էր

«Այն, որ ադրբեջանական և թուրքական թիմերն ակտիվ աշխատելու են այստեղ, կարծում եմ` ոչ ոքի մոտ կասկած չի առաջացնում։ Բայց աշխարհաքաղաքական զարգացումները, ներքաղաքական պայքարը, մեծ երկրների ներգրավումը տարածաշրջանում խոսում է այն մասին, որ կիբեռհարձակումները Հայաստանի տարածքում կարող են կտրուկ աճել։ Եթե 2020 թվականի սկզբին բավականին տարօրինակ էր թվում համաշխարհային ճանաչում ստացած Turla թիմի կողմից հաքերային գործողությունները Արցախի բնապահպանության նախարարության և մի շարք այլ պետական ու ոչ պետական կայքերի ուղղությամբ, ապա արդեն տարվա ավարտին այս ամենը կարող է դիտվել որպես տեղեկատվություն հավաքագրելու տրամաբանական փորձ»,– նշում է Մարտիրոսյանը։

Ավելին` նրա կանխատեսմամբ, 2021թ–ի ընթացքում հայկական վիրտուալ տարածքի նկատմամբ հետաքրքրության աճը կլինի միանգամից մի քանի հարևան և հեռավոր երկրների կողմից։ Այնպիսի երկրների, որոնք ունեն լրջագույն հաքերային ներուժ, քանի որ տեսականորեն տարածաշրջանում և կոնկրետ Հայաստանի ու Ադրբեջանի շուրջ կատարվող իրադարձությունների հանդեպ խորը հետաքրքրություն ունեն ոչ միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, այլև պարզ պատճառով` հարևան Իրանը, նաև Իսրայելը։

Մարտիրոսյանը հիշեցնում է, որ արդիական է մնում ոչ միայն ցանցային, այլև սմարթֆոնների վրա հարձակումների վտանգը։ Դրանցից խուսափելու համար փորձագետը խորհուրդ է տալիս ուշադիր լինել ծրագրային թարմացումների նկատմամբ ու ժամանակին իրականացնել դրանք։