ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում սոցիալական, անվտանգային, տեղեկատվական և այլ ոլորտներում կամավորական գործունեություն նախաձեռնած տարբեր կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչների հետ: Նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա պետության անունից շնորհակալություն է հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։
Նախագահը նշել է՝ բոլոր ոլորտներում դժվարությունները ավելանալու են, և դրանք հաղթահարելու լավագույն ձևն աշխատելն է։ Սեփական օրինակով է համոզվել։ Սարգսյանը նաև խոսել է պետության ու պետականության մասին՝ ընդգծելով, որ մոտեցումները փոխել է պետք։
«Մենք 30 տարի ապրել ենք փակ մոդելով... Մեր երկիրը պետք է բաց մոդել ունենա, որովհետև մեր ամենամեծ առավելությունը մենք ենք՝ հայերս: Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ սփյուռքից մարդիկ չգան այստեղ, աշխարհի հնարավոր պատնեշներ, Բեռլինի պատեր ենք սարքել: Այնպես ենք արել, որ հանկարծ չգան, թող այնտեղից գումար ուղարկեն, մենք կծախսենք»,- ասել է նախագահը։
Նա նաև կարևորել է կրթության դերը՝ նշելով, որ պետք է կարողանալ արտասահմանի հազարավոր լավ կրթված երիտասարդներին ներգրավել պետության ամրապնդման գործում։
Նա շեշտել է՝ պետական համակարգը լիարժեք չի աշխատում: Չի կարծում է, որ «դզել-փչելով» կարող ենք պետություն կառուցել: Վստահ է՝ համակարգային մոտեցում է պետք։ Նա առաջարկել է, որ նախագահական ինստիտուտը լինի այն հարթակը, որտեղ կարելի է հավաքվել և միասին մտածել, թե ինչպես կարելի է համակարգ ստեղծել:
«Ափսոս է, որ ձեր այս փորձառությունը կորչի: Ուզում եմ, որ դուք պահպանեք այն, ինչ ստեղծել եք»,- նշել է Սարգսյանը։
Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ. քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը
Նա վստահ է՝ պետք է արմատապես փոխել Հայաստան-սփյուռք հարաբերությունները: Հայաստանի նախագահը պետք է լինի բոլոր հայերի նախագահը, Հայաստանի կառավարությունը պետք է լինի նաև բոլոր հայերի կառավարությունը, լսի նրանց և ներգրավի: Նախագահը համոզված է, որ հիմա այդ պահն է: Նա պատրաստակամություն է հայտնել օգնելու սփյուռքի բոլոր կառույցների հետ աշխատելու հարցում:
«Տաղանդավոր ժողովուրդ ենք, ամեն տեղ մեր տաղանդը ծաղկում է, բացի մեր երկրից: Եկեք ամեն ինչ անենք, որ այս երկիրը զարգանա: Ես` որպես նախագահ, պետք է ամեն ինչ անեմ, որ երկիրը կայուն լինի և առանց մեծ կորուստների առաջ գնա: Հույս ունեմ, որ այս դժբախտությունն ու դժվարությունը մեզ կստիպեն, որ պետությունը նորից կառուցենք, որովհետև շատ բան ուղղակի չկա: Շատ ոլորտներում մենք կարող ենք զրոյից սկսել և ճիշտ կառուցել: Եթե մենք արմատապես չփոխենք, փորձենք կարկատաններ անել, նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվելու»,- ընդգծել է նախագահը։
Նա առաջակել է համագործակցել, հատուկ շեշտել է՝ ոչ քաղաքական նպատակներով: Կրկին հիշեցրել է, որ չի պատրաստվում վարչապետ լինել, չի պատրաստվում կուսակցություն ստեղծել, գիտի, որ ունի պարտականություններ նախագահական նստավայրում: Վստահ է, որ այս ճգնաժամային իրավիճակում նախագահի ինստիտուտն ավելի կարևոր է դառնում։
«Հուսով եմ` դժվարությունները կմնան անցյալում». Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին