Ճգնաժամը պայմանավորված է քաղաքական իշխանության գլոբալ ձախողմամբ. Սերոբ Անտինյան

Կառավարման մասնագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է բողոքի ակցիաների կազմակերպիչների այն տեսակետին, ըստ որի` երկրում քաղաքական ճգնաժամ է, և պետական ինստիտուտները հավուր պատշաճի չեն գործում։
Sputnik

Սերոբ Անտինյանի բնորոշմամբ` երկրում իսկապես խորը քաղաքական ճգնաժամ է, ինչը միանշանակ պայմանավորված է ղարաբաղյան խնդրում պատերազմի արդյունքներով, Հայաստանի ընդունած պարտությամբ։ Ըստ նրա` արցախյան հիմնահարցն այն խնդիրը չէ, որ լինի մեր շարքային, օրակարգային խնդիրներից որևէ մեկը և հպանցիկ ազդեցություն ունենա մեր քաղաքական ու հասարակական համակարգի վրա։ 

Կառավարությունը չի կարողանալու վճարել թոշակները. Հայաստանին սպասվում է էներգետիկ ճգնաժամ

«Պետք է փաստենք, որ պատերազմի արդյունքները թե՛ մարդկային զոհերի թվաքանակի առումով, թե՛ հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի առումով խիստ բացասական են և բնական է, որ այս պարագայում պետք է լիներ քաղաքական ճգնաժամ, որն իր հերթին պետք է հակադարձ ազդեցություն ունենար պետական կառավարման համակարգի վրա։ Վերջինս պետության հիմնական ինստիտուտն է, որի միջոցով իրականացվում է կառավարումը»,– նշեց կառավարման մասնագետը։ 

Անտինյանի կարծիքով` կառավարությունում կադրային փոփոխություններից հետո ճգնաժամը չվերացավ, որովհետև գործ ունենք ոչ թե ոլորտային, այլ՝ ավելի մեծ ճգնաժամի հետ, որը պայմանավորված է քաղաքական իշխանության գլոբալ ձախողմամբ։

Ըստ նրա` թեև պետական մարմիններն աշխատում են, պարալիզացված չեն, սակայն այդ աշխատանքը չունի բավարար հիմք, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ ասել, որ պետության առջև ծառացած խնդիրները լուծվում են։

Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականից հետո միայն անցկացնել ընտրություններ

Վերլուծաբանի համոզմամբ` քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմամբ միայն կարող ենք ունենալ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանք։