ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի շենքի մոտ ընդդիմությունն այսօր առավոտից բողոքի ակցիա է իրականացնում՝ խորհրդարանի արտահերթ նիստին ժամանող պատգամավորներին դիմավորելով դժգոհության բացականչություններով:
Քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ ակցիայի մասնակիցների ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի միջև:
Հավաքվածները ձվերով հարվածեցին «Իմ քայլի» պատգամավորի ավտոմեքենային՝ Անդրանիկ Քոչարյանին անվանելով «դավաճան»:
Իշխանական պատգամավորը զայրացավ ու պատասխանեց. «Դավաճանը մերդ ա, լակոտ»:
Ցուցարարն էլ ավելացրեց. «Դավաճանը հերդ ա»։ Հետո հայհոյեց Անդրանիկ Քոչարյանին:
Ակցիային ներկա են նաև ընդդիմադիր կուսակցությունների անդամները՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը և ուրիշներ:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայրենիքի փրկության շարժումը», որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։
Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։
«Քո փորձերը չեն ստացվելու». Սաղաթելյանն արձագանքել է Փաշինյանին