Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ պատվիրակությունն Իրանում էր

Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Ադրբեջանի բանակը չի պայթեցրել Իրան-Հայաստան գազամուղը․ ՏԿԵ

Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունել ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնության են եկել ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:

ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում հանդիպմանը փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները:

Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ 400 կիլովոլտանոց 3-րդ ԷՀԳ–ի շահագործումը թույլ կտա եռակի ընդլայնել հայ–իրանական «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։

Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ պատվիրակությունն Իրանում էր

Հայաստանում պաշարների բազան ընդլայնելու համար 2007թ-ին բացվել է Իրան-Հայաստան գազատարը։ Երկու երկրների միջև համաձայնագրի համաձայն` 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան կմատակարարի 36 մլրդ խմ բնական գազ` պայմանագրի գործողության ժամկետը 5 տարով երկարացնելու և գազի առաքումների ընդհանուր ծավալը մինչև 47 մլրդ խմ ավելացնելու հնարավորությամբ։

Իսկ մայիսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ Հայաստանի և Իրանի միջև 3-րդ  էլեկտրահաղորդման գծի (ԷՀԳ)  շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2020 թվականի վերջին: Պապիկյանը հույս էր հայտնել, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված պարապուրդին՝ կհասցնեն աշխատանքներն ավարտին հասցնել նախատեսված ժամանակահատվածում։