«Բայրաքթարներին» հակակշիռ ունենալու համար ոչ միայն փող ու կադրեր են պետք

Հայաստանը գիտական մեծ ներուժ ունի, բայց տարիներ շարունակ չեն մշակվել գիտության բնագավառում պետական քաղաքականության հիմնական դրույթները, ասում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում գիտության պետական ֆինանսավորումը hաջորդ տարի կկրճատվի մոտ մեկ միլիոն դոլարով կամ 3.6 տոկոսով։ Բայց եթե նույնիսկ այդ միլիոնը վերադարձնենք, Գիտությունների ակադեմիայի մասշտաբով քիչ բան կփոխվի։ Որակապես նոր արդյունքների համար ավելի շատ գումար է պետք և շատ ավելին է պետք։ Հայաստանում չկա ազգային գիտական ռազմավարություն, որը կսահմանի նոր ժամանակաշրջանում գիտական մտքի հիմնական նպատակներն ու խնդիրները, այսինքն՝ համակարգային մոտեցումն այս ոլորտում բացակայում է։

Հայաստանը կշարունակի հավի միս գնել արտոնյալ պայմաններով, բայց դա կօգնի՞

Կարծիք կա, որ գիտական ինստիտուտներն անօգուտ են։ Դրան կարելի է պատասխանել, որ պետության ներդրումը դրանց գործունեության մեջ չնչին է, բայց միաժամանակ, ըստ էության, գիտությունը պետական պատվեր չի ստանում

Այս խնդիրն արդեն 30 տարվա է, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության գիտահետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը։

Ինչի՞ համար են փող ստանում ինստիտուտները

Աշխարհում գիտության ֆինանսավորման համար երկու մոդել կա․ «վերևից ներքև» և «ներքևից վերև»: «Վերևից ներքև» մոդելը ենթադրում է, որ պետությունն է դնում խնդիրներ և ինստիտուտներին հանձնարարում է գիտական լուծումներ գտնել դրանց համար։ Այդպես էր Խորհրդային Միությունում, այդ համակարգը պահպանել է Չինաստանը։

Ի՞նչ էր ծխում առաջնորդը, կամ Չինաստանում հայկական նոր ապրանքներ կհայտնվեն

Երկրորդ՝ ներքևից վերև տարբերակի դեպքում գիտնականներն իրենք են ֆինանսավորման հայտ ներկայացնում, իսկ պետությունը գնահատում է և ընտրում։ Այս մոդելը գործում է արևմտյան երկրների մեծ մասում։ Բայց երկու դեպքում էլ մի բան անփոփոխ է․ զարգացած երկրներում պետությունն ինքն է որոշում գիտության առաջադրանքները, ոչ թե մնում է կողքից դիտորդի կարգավիճակում։

Հայաստանում, ցավոք, այդպես չէ։ Ակադեմիական ինստիտուտները քիչ են ստանում, բայց դա դեռ կես ցավն է։ Պետությունն իր առջև որևէ գիտական նպատակ չի դնում, հետևաբար չեն հստակեցվում նաև գիտնականների խնդիրները։

«Ինստիտուտներն իրենք են թեմաների հայտ ներկայացնում, և պետությունը հաստատում է։ Սկզբունքորեն ինստիտուտը կարող է ինքն էլ խնդիր առաջարդնել, հարցն այլ է․ հայտերը ոչ մի էական փորձաքննություն չեն անցնում, ոչ ոք չի գնահատում երկու բան` որքանով են այդ թեմաներն ակտուալ և որքանով են կարևոր պետության համար»,-նշում է Զաքարյանը։

Այսպիսով, խնդիրն այն չէ, որ համակարգը վատն է (երկու համակարգերից յուրաքանչյուրը կարող է իր առավելություններն ունենալ), այլ այն, որ ցանկացած մոտեցման դեպքում պետությունը գիտական քաղաքականություն չունի։

«Ախպերս, դե գիտես», կամ ինչու խանութների «դուխը չի հերիքում»

Հայաստանում գիությունը պետբյուջեից ֆինանսավորվում է հիբրիդային սկզբունքով․ մոտ 30 տոկոսը՝ գրանտների միջոցով, մնացած 70%-ը՝ ինստիտուտների բյուջեից։ Կա նաև «նպատակային ֆինանսավորում» ծախսի կետը։ Բայց անգամ այստեղ, անվանմանը հակառակ, պետությունը գիտական նպատակներ չի դնում և չի քննարկում դրանք Ակադեմիայի կամ ինստիտուտների հետ։

«Իմ գիտական փորձի 13 տարիների ընթացքում ես ոչ մի անգամ չեմ տեսել (թեկուզ միայն իմ՝ կենսաբանության ոլորտում), որ ինչ-որ հայտ գոնե քննադատեն։ Դա նշանակում է, որ ընտրության և ֆինանսավորման գործընթացը ինքնահոսի է մատնված»,-ընդգծեց Զաքարյանը։

Ծանոթի միջոցով

Հայաստանում գիտական նախագծերի փորձաքննություն դժվար է իրականացնել մի քանի, այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով։ Ենթադրենք՝ դուք կենսաբան-վիրուսոլոգ եք, կամ, ասենք, երկրաբան-տեկտոնիստ․ Հայաստանում նույն մասնագիտության քանի՞ մարդ կա։ Շատ քիչ, և դուք բոլորին հիանալի ճանաչում եք, ուստի եթե անգամ փորձաքննությունը «կույր» լինի, առանց անունների, դուք իսկույն կհասկանաք, թե որն ում ծրագիրն է։ Հարց է ծագում․ որքանո՞վ ձեր որոշումը անձնական գործոնից անկախ կլինի։

Չափազանց խիստ չլինենք ինքներս մեր հանդեպ․ այդ խնդիրը կա ոչ միայն Հայաստանում, այլև մյուս փոքր երկրներում։ Այդ պատճառով նախագծերը կա՛մ արտասահմանյան փորձաքննության են ուղարկում, կա՛մ համաձայնագրեր են կնքում հարևան երկրների հետ։ Էստոնիայում, օրինակ, նման փորձաքննությունը մասամբ պատվիրում են Եվրախորհրդի հիմնադրամների միջոցներով, մասամբ էլ նախագծերի փոխանակում են իրականացնում Լիտվայի կամ Լատվիայի հետ։

Տնտեսության բոլոր ոլորտներն անկում են ապրում. ի՞նչ պետք է անել ճգնաժամը հաղթահարելու համար

Հայաստանն այդպիսի համաձայնագրեր չունի․ մասամբ այն պատճառով, որ օրենսդրությունը սահմանափակում է վճարները արտասահամանցի գիտնականներին, մասամբ էլ ամենահայտնի պատճառով՝ միջոցներ չկան։ Ուստի նախագծերն ուղարկում են արտասահման՝ ծանոթ գիտնականներին․ նախկին ԽՍՀՄ ինստիտուտների գործընկերներին կամ այլ երկրների հայ գիտնականներին։ Բայց դա էլ խնդիրը լիովին չի լուծում, քանի որ անկախ փորձաքննությունը հենց դրա համար էլ անկախ է, որ գրախոսը որևէ կերպ հեղինակի հետ կապված չէ և գնահատականի վրա ոչինչ չի ազդում։

«Իհարկե, այդպիսի փորձաքննությունը ծախսեր է պահանջում, բայց չեմ կարծում, որ դրանք ահռելի են։ Մյուս կողմից՝ այդ ծախսերը կօգնեն խուսափել մեծ ֆինանսական կորուստներին։ Չէ՞ որ եթե պետությունը փող է տրամադրում անպետք բանին, դա փողի, գիտնականների ուժերի և ժամանակի կորուստ է»,-ընդգծեց Զաքարյանը։

Քաղաքականության մասին

Մեր  ընկալման մեջ «քաղաքականություն» բառը կարծրատիպային կապ ունի զանազան քաղաքական իրադարձությունների ու զրպարտությունների հետ․ ինչ-որ մեկն ամբիոնից ինչ-որ բան գոռաց, ինչ-որ մեկը ցույցի ժամանակ մյուսին «տեղը դրեց»։ Բայց այդ բառի նշանակությունը շատ ավելի լայն է։

Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. ՀՀ պատվիրակությունն Իրանում էր

Երբ պետությունը որոշում է, թե երկրին ինչ է պետք, դա նույնպես քաղաքականություն է․ արդյունաբերական, ագրարային, կրթական և, այդ թվում, գիտական։ Անգամ գիտությունից և տեխնիկայից հեռու մարդիկ գիտեն Սերգեյ Կորոլյովի կամ Մստիսլավ Կելդիշի՝ հզոր գիտական ստրատեգների անունները։ Հայաստանում ևս այդ մակարդակի գիտնականներ են եղել։ Բայց անգամ այդ ժամանակ պետությունը նրանց առաջ խնդիր էր դնում՝ համամիութենական և տեղական։ Ուստի շատ լավ կլինի, իհարկե, նոր Կելդիշներ, Վավիլովներ, Մերգելյաններ ունենալ, բայց անգամ եթե այդպիսիք չկան, գիտական քաղաքականությունն անհրաժեշտ է։

Եվ կրկին քաղաքականություն մասին

ՀՀ վարչապետներից մեկը, այցելելով Գիտությունների ազգային ակադեմիա և լսելով ոչ բավարար ֆինանսավորման մասին բողոքները, պատասխանեց․ «Իսկ դուք հենց այնպես մի աշխատեք, դուք ձեր մտքերը վաճառեք բիզնեսին»։ Ընդ որում՝ դա մի մարդ էր, որ հիանալի հասկանում էր թե տնտեսությունից, թե կառավարումից։ Բայց խնդիրն այն է, որ կիրառական մշակումներն անում են ոչ թե ակադեմիական, այլ հենց կիրառական ինստիտուտները։ Առաջինները տեսություն են մշակում, երկրորդները այդ տեսությունները գործնականում կիրառելու ուղիներ են փնտրում։

Այո՛, Խորհրդային Հայաստանում ինստիտուտների հսկայական կուտակում կար․ Ինֆորմատիկայի ԳՀԻ, Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ, Մոսկվայի «Ալգորիթմ» գիտական կենտրոնի մասնաճյուղ և այլն, և եթե այդ ինստիտուտներում մարդիկ պարապ թրև էին գալիս, ապա ինչպե՞ս եղավ, որ Հայաստանում (Ուկրաինայի, Մերձբալթյան երկրների ու Մոսկվայի հետ միասին) էլեկտրական հաշվիչ մեքենա ստեղծվեց։ Այն ավելի լա՞վն էր, քան IBM-ը, թե՞ ավելի վատը՝ մենք չէ, որ պետք է դատենք։ Բայց բարձր մակարդակի մասնագետների և լավ կազմակերպման շնորհիվ երկրում ինչ-որ բան ստեղծվում էր, այլ ոչ միայն սպառվում։

«Գուցե ես մի փոքր շեղվում եմ թեմայից, բայց մեզ, մեր երկրին կարծես ասում են․ «Ինքնուրույն մի ստեղծեք, ձեր գործը գնելն ու սպառելն է»։ Հիմա Samsung-ի, Siemens-ի կամ Pfizer-ի մշակումները մեզ անհասանելի ինչ-որ բան են թվում։ Բայց չէ՞ որ մենք էլ ժամանակին մասնակցել ենք այդ մասշտաբի աշխատանքների»,-ընդգծում է Զաքարյանը։

Մենք նորից ունենք սթրեսային իրավիճակին բնորոշ տնտեսություն. Քթոյան

Ավելորդ է ասել, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կիրառական ինստիտուտների մեծ մասը բարեհաջող «թաղեցին»՝ դրանց մի մասը վերածելով էլեգանտ բիզնես-կենտրոնների և հյուրանոցների։

Իսկ ահա հսկայական Իրանում, օրինակ, 90-ականների կեսին ընդամենը 2 անգամ ավելի շատ աշխատանք էր լույս տեսնում, քան փոքրիկ Հայաստանում։ Հիմա արդեն 40 անգամ ավելի։ Արդյո՞ւնքը։ Իրանը սեփական դեղագործությունը ստեղծեց, նույնպես՝ որպես քաղաքականության տարր։

«Նրանք գիտակցում էին, որ էմբարգոյի տակ են ապրում, և որ ռազմավարական ապրանքները, այդ թվում՝ դեղերը, նրանց պարզապես չեն վաճառի։ Ընտրությունը ո՞րն է․ կամ պառկես ու մեռնես, կամ սեփականը ստեղծես։ Նրանք երկրորդն ընտրեցին։ Ի՞նչն էր մեզ խանգարում նույն կերպ գործել ու մտածել»,-ավելացրեց Զաքարյանը։

«Բայրաքթարի» փոխարեն

Այն հարցը, թե որտեղ է մեր այն զենքը, որը պետք է «զգետնի» թուրքական «բայրաքթարները», սկսվում է բազմաթիվ, թվում է՝ տաղտկալի մանրուքներից։ Հայաստանի կրթության և գիտության նոր նախարարներից մեկը հավաքել էր գիտնականներին և նրանց հետ զրուցում էր ոլորտի խնդիրներից։ Զրույցի թեման մեծամասամբ վերաբերում էր կազմակերպչական հարցերին, բայց որևէ հարց այդպես էլ չլուծվեց։

«Օրինակ՝ եթե մենք ուզում ենք ինչ-որ սարք գնել, պետք է դրա համար տենդեր հայտարարենք։ Բայց մատակարարներն այստեղ շատ սահմանափակված են և կրկնակի ու ավելի հավելավճար են դնում։ Մենք ինքներս ավելի էժան և ավելի արագ կգնենք, բայց արգելված է՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով։ Մենք առաջարկեցինք բարձրացնել առանց տենդերի գնումների շեմը, որպեսզի գոնե ոչ մեծ սարքերը արագ գնենք։ Վերջիվերջո, ինստիտուտի գնումները միշտ կարելի է վերստուգել։ Այլ հարց է այդ սարքերի մաքսազերծումը, որը նույնպես ժամանակ է պահանջում։

«Ունենք բազմամիլիարդ ներդրումային ծրագրեր». Քերոբյանը խոստանում է` մարդկանց կյանքը կփոխվի

Այդ և այլ հարցերը մենք բարձրացրել ենք, բայց դրանք այդպես էլ չեն լուծվել, չնայած, կրկնում եմ, մենք նույնիսկ փող չէինք խնդրում, այլ առաջարկում էինք պարզապես մի քիչ բարելավել կազմակերչական աշխատանքները»,-ասում է Զաքարյանը։

Չլուծված հարցերը հայտնի արդյունքների են հանգեցնում։ Եվ եթե Թուրքիան «Բայրաքթար» ունի, Իսրայելը՝ «Հարոպ», դա չի նշանակում, որ այնտեղ ավելի լավ ինժեներներ կան։ Պարզապես կազմակերպիչներն են ավելի լավը։ Բայց ճիշտ է նաև մեկ ուրիշ բան․ մեր ինժեներները արտակարգ պայմաններում, առանց նախապատրաստման և ֆինանսների, հավաքեցին տեխնիկա, որը միանգամայն կոնկրետ խնդիրներ էր լուծում։ Դրա համար էլ գիտնականը պետք է անի իր գործը, ինժեները՝ իրենը, իսկ պաշտոնյաները՝ իրենց գործը, այն է՝ ձևավորել քաղաքականություն և ձևակերպել խնդիրներ։

Ի՞նչ անել

Նույն Իսրայելում հիմնական ճյուղային նախարարություններին կից կան գիտական խորհրդատուներ։ Նրանք պարզում են, թե ինչ է պետք ուսումնասիրել ագրարային հատվածում, արդյունաբերության, էներգետիկայի ոլորտներում և գաղափարներ են առաջարկում կառավարությանը։

Ինչպիսին էր 2020 թվականը տնտեսական առումով. իշխանական պատգամավորն ամփոփում է տարին

Նման խորհուրդներ կարող են լինել նաև մեզ մոտ՝ հայ, գուցե նաև արտասահմանցի գիտնականների մասնակցությամբ, նշում է Զաքարյանը (ավելացնենք, որ ատոմային էներգետիկայի հարցերով նման խորհուրդը գործում է նախագահին կից, նախկինում այն գլխավորում էր գերմանացի հայտնի ֆիզիկոս Ադոլֆ Բիրկհոֆերը)։ Նման ոլորտային խորհուրդները կարող են հուշել պետությանը, թե ինչ հետազոտություններ և նոր զարգացումներ են անհրաժեշտ։

Եվ այնուամենայնիվ, դա չի չեղարկում ֆինանսավորման հարցը։ Հայաստանում գիտության վրա ծախսվում է տարեկան ՀՆԱ-ի 0,2 տոկոսը։ Համեմատության համար նշենք, որ Իսրայելում այդ թիվը, ըստ OECD-ի, մոտ է 5%-ի։

Ճիշտ է, այդ տվյալները ներառում են ոչ միայն պետական ֆինանսավորումը, այլև մասնավոր բիզնեսի մշակումները (որոնք Հայաստանում չկան կամ գրեթե չկան)։ Բայց չէ՞ որ գիտության ամբողջ համակարգը՝ Գիտությունների ակադեմիան, բուհերը, արդյունաբերությունը, պաշտպանությունը ստեղծվում են այն ժամանակ, երբ կա պետական քաղաքականություն։ Հայաստանում այն չկա, ուստի չկա գիտությունը՝ որպես համակարգ, այլ կան գիտնականներ, որոնք աշխատում են ինչպես կարող են և ուսումնասիրում են, ինչ կարող են:

Հիմա նրանց համար, բոլորիս համար, պետք է միասնական համակարգ ստեղծել։ Գոյատևելու այլ տարբերակ չկա։