Երեկ` դեկտեմբերի 25-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության ծառայողներից մեկը կոտրել է ոտքը։ ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 19-ի սահմանում Մյասնիկյան պողոտայում, երբ ոստիկանները քաղաքացիներից պահանջել են բացել ճանապարհի երթևեկելի հատվածը։
«Ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց»,– ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ Մյասնիկյան պողոտայից բերման է ենթարկվել և ձերբակալվել Երևանի 32-ամյա մի բնակիչ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։
Հիշեցնենք`Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստները դեկտեմբերի 25-ին, ժամը 18։00-ից փակել էին Երևանի մի շարք փողոցներ՝ պահանջելով Փաշինյանի անհապաղ հրաժարականը: Երևանի տարբեր հատվածներում տեղի ունեցած ակցիաների հետևանքով կաթվածահար էր եղել Երևանի մի շարք կարևոր տրանսպորտային հանգույցների երթևեկությունը, մասնավորապես` Բաղրամյան պողոտայի, Սարալանջի խճուղու, Աբովյան փողոցի ու Մյասնիկյան պողոտայի։
Բողոքի ակցիաներն ավարտվեցին Հանրապետության հրապարակում` քաղաքի տարբեր վայրերից դեպի հրապարակ կազմակերպված երթերից հետո։
Հայրենիքի փրկության շարժման ու ոստիկանության թվերը տարբեր են. քանի մարդ է բերման ենթարկվել