Ի՞նչ էր ծխում առաջնորդը, կամ Չինաստանում հայկական նոր ապրանքներ կհայտնվեն

Հայաստանն իր ապրանքները Չինաստան արտահանելու հարցում լրջորեն հետ է մնում ոչ միայն խոշոր երկրներից, այլև հարևան Վրաստանից։ Հիմնական պատճառն այն է, որ պետությունը «երկաթե վարագույրով» իրեն առանձնացնում է բիզնեսից։
Sputnik

«Չինական անսահման շուկա» արտահայտությունն այնքան սովորական է դարձել, որ մենք վաղուց արդեն ուշադրություն չենք դարձնում դրան։ Բայց տարիներն անցնում են, իսկ այդ շուկայում հայկական ապրանքները ինչպես նախկինում են շատ քիչ եղել, այդպես քիչ էլ շարունակում են մնալ։ Արտահանման գերակշիռ մասն առաջվա պես կազմում է հումքը (պղնձի խտանյութ)։ Լայն սպառման ապրանքներից արտահանվում է գինի, կոնյակ, շոկոլադ և ծխախոտ` մի քանի հարյուր հազար դոլարի մասշտաբով (չինական չափանիշներով դա գրեթե ոչինչ է)։

Հայաստանը կշարունակի հավի միս գնել արտոնյալ պայմաններով, բայց դա կօգնի՞

Իրավիճակն ուզում է շտկել Չինաստանում գործող Zizi առեւտրային և լոգիստիկ ընկերության հիմնադիր Էդգար Մարգարյանը, որի ընկերությունը ոչ շատ վաղուց գործում է նաև Երևանում։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում ընկերությունը չինական շուկայում արդեն չորս հայկական ապրանք է ներկայացրել` սուրճ և երեք տեսակի ալկոհոլ։ Ապրանքների օրինակներն արդեն ուղարկվել են Չինաստան, սպասում են ներկրման թույլտվությանը։

Կեր չինացու հետ

Որքան փաթեթավորումն ավելի գրավիչ է, այնքան ավելի մեծ հաճույքով են Չինաստանում ապրանք գնում։ Չինացիներն անգամ կատակով իրենք իրենց մասին ասում են․ «Մենք տուփն ենք ուտում»։ Երբ Մարգարյանը հայկական ապրանքներից մեկը ներկայացրել է Չինաստանում, նրան, ըստ մեր պատկերացումների, բավականին տարօրինակ պատասխան են տվել․ «Որակը լավն է, բայց պետք է աշխատել փաթեթավորման վրա»։

Ընդ որում՝ պարտադիր չէ, որ տուփի դիզայնն անպայման չինական ոճով լինի։ Իհարկե, չինացիները վայրկյան անգամ չեն կասկածում, որ իրենց ուտելիքը, խմիչքն ու մնացած ամեն ինչը լավագույնն են աշխարհում։ Բայց վերջին տարիներին նրանց սկսել են հետաքրքրել նաև «անդրօվկիանոսյան» ապրանքները։ Այնպես որ դիզայնն ու պիտակը կարող են առավելագույնս հայկական լինել, բայց պրոֆեսիոնալ ու ճաշակով։

Եվ էլի ուտելիքի մասին։ Չինացիները շատ են սիրում իրենց ավանդույթները և անշեղորեն հետևում են դրանց, Մարգարյանի խոսքով` բիզնեսմենները բացառություն չեն։

«Գործարանի մենեջերն ապրանքը ձեզ ցույց չի տա և գործնական խոսակցություն չի սկսի, քանի դեռ ինչպես հարկն է չի հյուրասիրել։ Նրանց մոտ ընդունված է մտածել, որ սոված փորին գլուխն էլ չի աշխատում։ Կամաց-կամաց սովորում ես, որ պիտի չնախաճաշես, եթե գործնական հանդիպում ես ունենալու»,-ժպտում է Էդգարը։

Բանակցությունների վերջում գործընկերը կհյուրասիրի ձեզ, բայց հույսով, որ դուք էլ պարտքի տակ չեք մնա։

Սակայն ինչպես էլ ուտեք-խմեք, դժվար է լինելու, եթե ձեր մեջքին կանգնած չէ պետությունը։

Ի՞նչ էր ծխում առաջնորդը

Ո՞ր սիգարետն էր լավագույնը համարվում Խորհրդային Միությունում ընկեր Ստալինի ժամանակ։ Ճիշտ է, «Հերցեգովինա Ֆլոր»։ Ինչո՞ւ։ Որովհետև դա էր ծխում ընկեր Ստալինը։ Պարզ է ու հասկանալի։ Պետության առաջնորդների (և առհասարակ պետության հանդեպ) մոտավորապես նմանատիպ վերաբերմունք է ձևավորվել Չինաստանում։ Դե, դա բոլորին է հայտնի. «Բա հետո՞»,–կհարցնենք մենք։

«Ախպերս, դե գիտես», կամ ինչու խանութների «դուխը չի հերիքում»

Հետո այն, որ չինացիներն այդ վերաբերմունքը տեղափոխում են մյուսների վրա․ եթե դուք ապրանքը մենակ եք ներկայացնում, դա մի բան է, իսկ եթե ձեր մասին պետությունն է հոգ տանում, բոլորովին այլ բան:

Անցած տարի, օրինակ, Չինաստանում սկսեց բելառուսական կաթ հայտնվել, ընդ որում՝ այնտեղ, ինչպես Արևելյան Ասիայի շատ երկրներում, կաթնամթերք գրեթե չեն օգտագործում (լակտոզայի անհանդուրժողականության պատճառով)։ Վերջին տասնամյակների ընթացքում կաթնամթերքի պահանջարկը Չինաստանում սկսել է աճել։ Բայց կհավատա՞ք, որ բելառուսական մթերքը Չինաստան է հասել առանց Բելառուսի ղեկավարների մասնակցության և աջակցության։ Գուշակել պետք չէ՝ 2019թ․-ին Լուկաշենկոյի և Լի Ծինփինի բանակցությունների մասին բավականաչափ շատ էին խոսում և գրում։

«Իսկ մեզ մոտ, ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանության կայքում անգամ չինարեն էջ չկա»,-ասում է Մարգարյանը։

Մենք արդեն գրել ենք, թե ինչպես վրացական «Բորժոմին» Բելառուսում դուրս մղեց հայկական «Ջերմուկը»։ Վրացական բիզնեսը լավ է աշխատում նաև Չինաստանում։

Իսկ նրանց համար մեկ է․ թուրքական լոլիկն առաջվա պես գալիս է Հայաստանի մեծածախ շուկաներ

«Գուանչժոյում իմ պահեստների կողքին վրացական պահեստներն էին։ Վերջին 2-3 տարում դրանք յոթ անգամ մեծացան՝ 500 քառակուսի մետրից հասնելով 3500–ի։ Նրանք այնտեղ անգամ առևտրային ներկայացուցիչ ունեն։ Իսկ Հայաստանը, իհարկե, չունի։ Իսկ դա, հիշեցնում եմ, Չինաստանի խոշորագույն առևտրական նավահանգիստներից մեկն է»,-ասում է Մարգարյանը։

Թուրքական ապրանքներն ավելի շատ են` սկսած ռահաթ-լոխումից, վերջացրած գինով ու մրգօղիով։

Մարդիկ սկսել են քիչ ծախսել. ինչպես են համավարակն ու պատերազմն ազդել տնտեսության վրա

Վրաստանն, օրինակ, ոչ միայն փորձում է վաճառել իր ապրանքները, այլև սեփական պատմության և մշակույթի մասին նյութերն է ակտիվ տարածում WeChat մեսենջերում (ինչպես գիտեք, չինացի օգտատերերի համար դա «մեր ամեն ինչն է», քանի որ Չինաստանում ո՛չ Facebook կա, ո՛չ Google)։ Բնականաբար այդ ամենը գրվում է ճիշտ չինարենով։ Դա «ինքնագովազդ» չէ, այլ սեփական երկիրը լավագույնս ներկայացնելու միջոց։ Այդ ամենն արվում է, կրկնում ենք, պետական մակարդակով։

Գոնե քչից սկսենք

Չինական շուկայում մի քանի բիզնեսմեններ արդեն հասել են ինչ-ինչ հաջողությունների։ Նրանցից մեկը՝ Արթուր Եգորյանը, հայկական ապրանքներ է ներկայացնում Չինաստանում, նրա առցանց խանութն արդեն ներկայացված է Tmall-ում (Alibaba հոլդինգի ընկերություն է, Amazon-ի չինական տարբերակը)։ Մեկ այլ բիզնեսմեն էլ՝ Կարեն Խաչիկյանը, հաջողությամբ ծիրանի կոնյակ է արտահանում Չինաստան։ Grand Candy-ն իր քաղցրավենիքը Մոսկվային Չինաստանի հյուսիս է տանում՝ Հարբին և Պեկին։

Հյուրանոցներ պետք են, hi-tech՝  ոչ․ գերամուր ապակու հայկական նախագիծը ներդրող չի գտնում

Ինչպե՞ս օգնել փոքր և արտասահմանյան շուկայում փորձ չունեցող արտադրողներին։ Հենց այդ խնդրի լուծմամբ է պատրաստվում զբաղվել Մարգարյանը։ Նա պատրաստ է պատվերով Չինաստանից Հայաստան արտադրական սարքավորումներ բերել գործարանային գնով, իսկ Հայաստանից Չինաստան պատրաստի ապրանքներ տանել։

«Մեր ընկերությունը Չինաստանում հավաստագրված է, ուստի եթե մեզ, օրինակ, անսարք հաստոց վաճառեն, մենք կարող ենք դատի տալ։ Այնտեղ դա հաշվի են առնում, այդ պատճառով 100 տոկոս մաքուր են աշխատում։ Բայց այդ, ես պահեստներ ունեմ, ինչը շատ կհեշտացնի ապրանքների տեղափոխումը երկու ուղղությամբ»,-պարզաբանում է Մարգարյանը։

Վերջին ամսվա ընթացքում նա արտադրական միջոցներ է գնել արդեն ինը արտադրողի համար։

Էներգակիրների թանկացումը կազդի ՀՀ–ում արտադրվող բոլոր ապրանքների ինքնարժեքի վրա

Չինացի գնորդներին հետաքրքրում է ոչ միայն Հայաստանում փաթեթավորված սուրճը, այլև անգամ հայկական խոտաբույսերով թեյերը (չինացիները, ինչպես հայտնի է, թեյի մեծ սիրահարներն են, այնպես որ նրանք ուզում են համեմատության համար նաև արտասահմանյան թեյեր փորձել, ինչպես ֆրանսիացիները, օրինակ, արտասահմանյան գինիները)։ Ինչ վերաբերում է սուրճին, այն ևս կամաց-կամաց նորաձև է դառնում Չինաստանում, թեև առայժմ բավականին թանկ է։

Ալկոհոլի և սուրճի վերաբերյալ արդեն նախնական պայմանավորվածություններ կան Walmart և Sam’s Club ցանցերի հետ (Չինաստանում Google չկա, բայց ամերիկյան ցանցեր՝ ինչքան ուզես․ այստեղ թե՛ Starbucks կա, թե KFC, թե շատ այլ ցանցեր), որտեղ հիմնականում ներկրվող ապրանքներ են ներկայացված։ Թեև կամաց-կամաց դրանք սկսվում են հայտնվել նաև չինական ցանցերում։

Էդգարի խոսքով` Չինաստանում սննդամթերքի իրացման հնարավորությունները հսկայական են, բայց պետք է քչից սկսել։ Հենց այդպիսի` զուտ չինական համբերությամբ էլ նա պատրաստվում է շարունակել աշխատանքը արտադրողների հետ։ Ճիշտ է, նա որոշ ջանքեր է ակնկալում նաև պետությունից։

Ընդմիջումից հետո Չինաստանում Հայաստանի նոր առևտրային ներկայացուցիչ նշանակեցին (նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը)։ Մեկնելուց առաջ նրա հետ հանդիպեցին Export Armenia փորձագիտական միության գործարարները, որոնք Չինաստանում աշխատելու փորձ ունեն։ Հիմա բիզնեսը հաջող աշխատանքի հույս ունի՝ պետության հետ համագործակցելով։