Չինաստանից Հայաստան է գալիս թթվածնի արտադրության կայանների հերթական խմբաքանակը

Միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում տեղադրվել են թթվածնի արտադրության 12 կայաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է` վաղը Երևան կժամանի բեռնատար ինքնաթիռ, որը Չինաստանից կտեղափոխի թթվածնի արտադրության 4 մեծ կայան` բժշկական կենտրոնների համար։ Թորոսյանն այդ մասին հայտնել է Facebook–ի իր էջում։

«Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը` առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի` մեր երկրի կարողությունների հզորացումը։ Չինաստանից եկող ինքնաթիռը Հայաստան կբերի նաև անհատական թթվածնային 94 կոնցենտրատոր, կորոնավիրուսի ախտորոշման 100 000 թեստ, նմուշառման 200 000 ձողիկեր, ինչպես նաև դիմակ և արտահագուստ»,–գրել է նա։

Նախարարը հիշեցնում է, որ ի թիվս այլոց, միայն այս տարի երկրի բժշկական կենտրոններում արդեն իսկ տեղադրվել են թթվածնի արտադրության 12 կայաններ, որից 4-ը բեռնատար ինքնաթիռով Հայաստան էին տեղափոխվել 1 շաբաթ առաջ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին հայտնի դարձավ, որ մարզային ևս մեկ ԲԿ է թթվածնային կայանով ապահովվել։ Կորոնավիրուսով պայմանավորված` Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ էր եղել ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան։ «Գյումրի» ԲԿ–ի թթվածնի կենտրոնը ոչ միայն կարտադրի, այլև անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաև մարզի մյուս բուժհաստատություններին:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 586–ով և դարձել 157 349: