Գագիկ Ղազինյանի դիտարկմամբ` եթե լիներ սովորական, ավարտված հանցագործություն և չունենար վտանգավոր շարունակություն, եթե չլիներ նման ենթադրություն կամ համոզմունք, որ այն շարունակվում է, ապա ձերբակալումը նման շեշտադրում չէր ունենա, այլ կլիներ որպես մեղադրյալ ներգրավել, գործը քննել, ապացուցել, հիմնավորել դավաճանությունը և այլն։ Ըստ նրա` քանի որ տարածքների հանձնման գործընթացը շարունակվում է և այլ տարածքներ ընդգրկելու լուրջ միտումներ ունի, ուստի այդ պատճառով էլ իրավաբանները դիմել են, որպեսզի վարչապետն անհապաղ ձերբակալվի, որպեսզի կասեցվի նրա պաշտոնավարումը, և դրանով իսկ կասեցվեն հետագա ոչ բարենպաստ, ոչ հայանպաստ, ոչ հայաստանանպաստ զարգացումները։
«Իրավական հիմքերի մասին շատ–շատ է խոսվել մասնագետների, քարտեզագետների, իրավաբանների, քաղաքագետների հետ։ Հիշեցնեմ ևս մեկ անգամ, որ որևէ իրավական ակտ` միջազգային պայմանագիր, ՀՀ ներպետական սահմանների մասին օրենք գոյություն չունի, որ կանոնակարգի այս ձևով սահմանների հաստատումն ու հողերի հանձնումը։ Եթե կա ինչ–որ բան, ապա դա հանրության համար անհայտ է, ուստի որևէ պայմանավորվածություն չի կարող լինել իրավական՝ լինի դա բանավոր, թե գրավոր»,– նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսը։
Ղազինյանի համոզմամբ` բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել ոչ թե պատերազմից հետո, այլ ավելի առաջ, որովհետև ըստ տարբեր աղբյուրների` ադրբեջանցի զինվորականները կամ հողերի հավակնություններ ունեցող պաշտոնյաները, որոնք ներկայանում են մեր բնակիչներին, ցույց են տալիս հայալեզու քարտեզներ, որոնցում նշված է, որ տվյալ գյուղը կամ գյուղի մի մասը պատկանում է Ադրբեջանին։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը օրերի հարց է․ Արսեն Բաբայան
«Հասկանու՞մ եք, դա հնարավոր չէր անել մեկ օրում կամ մեկ ժամում։ Դա վաղօրոք նախապատրաստված էր, նախապես գծված, թե ինչը պետք է տրվեր, ինչը` ոչ։ Երևի թե այդ հատվածում ադրբեջանցիների կամքին համահունչ չվերջացավ պատերազմը և նրանք կցանկանային ամբողջությամբ լուծվեր հարցը, որ ընդհանրապես խնդիրներ չծագեին։ Ի դեպ, դրանք լոկ տարածքներ չեն, այլ պլացդարմ են պատրաստում հաջորդ պատերազմի համար, որն իրադարձությունների նման ընթացքի դեպքում կդառնա անխուսափելի, որովհետև թիրախը Սյունիքն է, իսկ գերնպատակը Նախիջևանը ցամաքով Ադրբեջանին միացնելը»,– նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսը։
Ղազինյանի գնահատմամբ` իրավաբանների հանրային պահանջը բացարձակապես չի կարող դիտվել որպես հեղաշրջման փորձ, որովհետև դրան հետևող գործընթացները պետք է լինեն Ազգային ժողովում. ոչ ոք իշխանություն չի զավթում։ Ըստ նրա` վարչապետի գործունեությունը սպառնում է պետության շահին, հնարավոր չէ սպասել, և դա զուտ իրավական գործընթաց է։
Հիշեցնենք, որ իրավաբան–գիտնականների նամակում նշված է, որ ՀՀ և ԱՀ միջև միջազգային պայմանագրի ստորագրման փոխարեն Հայաստանի և Ադրբեջանի հետ արտաքին սահմանը տեղորոշվում է սոսկ ձեռք բերված` մեր երկրի հանրության համար ոչ հասանելի, գաղտնի, երկկողմ, բանավոր (կամ գրավոր) համաձայնության հիմքով, որի ուժով վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում ՀՀ ինքնիշխան տարածքի այնպիսի կարևոր և անվտանգության գոտի համարվող ենթակառուցվածքներ, ինչպիսիք են մայրաքաղաքը Սյունիքի մարզի հետ կապող Գորիս–Կապան ավտոճանապարհի մի մասը, ոսկու մեծ պաշար ունեցող Սոթքի հանքավայրի մեծ մասը, ռազմավարական նշանակության դիրքեր և բարձունքներ։