Սայաթ Շիրինյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել

Շիրինյանի պաշտպան Արամ Վարդևանյանը հայտնում է, որ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով է ոչ իրավաչափ ճանաչվել նրա ձերբակալումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գնդապետ Սայաթ Շիրինյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ։ Նրա պաշտպան Արամ Վարդևանյանն է հայտնում լուրը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։

Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ. քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը

«Դատարանը որոշեց բավարարել մեր բողոքը` գնդապետ Շիրինյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ` հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Նա հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Դադարեցրեք իրավական խայտառակությունները»,–գրել է Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` ասելով, որ Շիրինյանը Facebook սոցցանցում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արվել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։ «Սուսաննա Ավշարյան, եթե ես լինեի շարժումն առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,– գրել է Շիրինյանը։

Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: