ՊԵԿ–ը հիշեցնում է` ՀՀ–ում արգելվում է բոլոր երկրներից ներկրվող թուրքական ապրանքը

Պետեկամուտների կոմիտեն ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացնելու թուրքական ապրանքների նկատմամբ և ֆիզիկական զննում է իրականացնելու մաքսային հսկողության իրականացման վայրերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հիշեցնում է, որ 2020թ.-ի դեկտեմբերի 31-ից գործելու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ 6-ամսյա արգելքը։

Իսկ նրանց համար մեկ է․ թուրքական լոլիկն առաջվա պես գալիս է Հայաստանի մեծածախ շուկաներ

«Մինչև 2020թ.-ի դեկտեմբերի 31-ը ներմուծված ապրանքների նկատմամբ նշված արգելքը չի գործի միայն այն դեպքում, եթե մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը այդ ապրանքների նկատմամբ իրականացվեն բոլոր համապատասխան մաքսային գործառնությունները` դրանք հայտարարագրվեն «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով, վճարվեն համապատասխան մաքսային վճարները, ապրանքները բաց թողնվեն մինչև նշված օրը»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է նաև հետայսու ապրանքների առևտրային փաստաթղթերում նշում կատարել ծագման երկրի վերաբերյալ, իսկ հնարավորության դեպքում և (կամ) մաքսային մարմնի պահանջով ներկայացնել ծագման երկրի հավաստագիր կամ հայտարարագիր։

Կոմիտեն հիշեցնում է, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից, ներառյալ ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։

ՊԵԿ–ը զգուշացնում է, որ ուժեղացված մաքսային հսկողություն է իրականացվելու այդ ապրանքների նկատմամբ, ներառյալ ֆիզիկական զննում, որը իրականացվելու է մաքսային հսկողության իրականացման վայրերում տեղադրված տեսախցիկների ներքո։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է խստագույնս պահպանել ՀՀ կառավարության 20.10.2020թ. թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված դրույթները և զերծ մնալ հնարավոր խախտումներից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ թուրք–ադրբեջանական ու ահաբեկչական ուժերի սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայաստանյան սպառողներն ու խոշոր առևտրի ցանցերն արշավ սկսեցին թուրքական ապրանքների վաճառքի դեմ։

Ի պատասխան հանրային դժգոհության` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան որոշման նախագիծ ներկայացրեց հանրային քննարկման։ Իսկ հոկտեմբերի 20-ին այն արդեն ընդունվեց ՀՀ կառավարության կողմից։

Ի՞նչ հետևանք կունենա թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսության վրա