Թորոսյանը կոչ է անում դեմ քվեարկել հակածխախոտային օրենքի կիրառումը հետաձգող նախագծին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է մի խումբ պատգամավորների հեղինակած օրինագծին՝ հակածխախոտային օրենքի մի քանի կարևոր դրույթներ հետաձգելու վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ չի զլանա ու Ազգային ժողովի իր գործընկերներին կրկին կներկայացնի իրենց փաստարկներն ու ապացույցները հակածխախոտային օրենքի մի շարք կարևոր դրույթների ներդրման ժամկետների հետաձգման դեմ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Ծխախոտի արտադրություն, թե առաջադեմ երկրներին բնորոշ ապրելակերպ. Խաչատրյանը` օրինագծի մասին

Ավելի վաղ խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել էր «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը:

Օրինագծի հեղինակն է Տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, ինչպես նաև մի խումբ պատգամավորներ (Վլադիմիր Վարդանյան, Հովիկ Աղազարյան, Նարեկ Զեյնալյան): Մասնավորապես, նրանք առաջարկել են մեկ տարով հետաձգել բացօթյա ցուցափեղկերում ծխախոտի վաճառքի արգելքը։

Իր հերթին ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է արել ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել նախագծին։

Ծուխը չի հարցնում, թե որ կողմ կարելի է տարածվել. սրճարաններում ծխելը կարգելվի բոլորին

«Մենք չենք զլանա, Ազգային ժողովի մեր գործընկերներին կրկին կներկայացնենք մեր փաստարկներն ու ապացույցները, բայց նաև երբեք չենք մոռանա, թե ով և ինչպես էր փորձում «կրակից շագանակներ հանել» մեր պետության համար այս ծանր ժամանակաշրջանում»,- ասել է Թորոսյանը։

Նրա խոսքով` ծխախոտային արդյունաբերությունը, ի դեմս մի շատ հայտնի միջազգային արտադրողի, կրկին ակտիվացել է Հայաստանում: Թորոսյանը գտնում է, որ ծխախոտային արդյունաբերության ներկայացուցիչները հանդգնել են շանտաժի ենթարկել, թեկուզ թուլացած, բայց մի ամբողջ պետության:

«Կոչ ենք անում դեմ քվեարկել». ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է պատգամավորներին

Առողջապահության նախարարն ընդգծել է, որ շանտաժի գործիքը նույնն է` երկիրը կկործանվի, եթե իրենց կենսական շահերը ոտնահարվեն: Եվ էական էլ չէ, որ հենց իրենց կենսական շահերն են բերում բնակչության առողջության ու դրանով պայմանավորված նաև տնտեսության թուլացմանն ու քայքայմանը:

Հիշեցնենք, ծխելու հետ կապված նոր սահմանափակումները Հայաստանում ուժի մեջ են մտնում 2021-2022 թթ․-ից։ Դրանցից կարելի է առանձնացնել երկու ամենաաղմկահարույցները․ 2021թ․-ից խանութներում ծխախոտը երևացող տեղում դրված չի լինի, իսկ 2022թ․-ի մարտից կարգելվի ծխել սրճարաններում և ռեստորաններում։ Այս և մի շարք այլ պահանջներ ներառված են «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին» օրենքում։

Հայաստանում ծխում է բնակչության մոտ մեկ երրորդը, այդ թվում ՝ մինչև 55 տարեկան տղամարդկանց կեսից ավելին։