ՌԱԴԻՈ

Մեր մոնոնացիոնալ հասարակությունը երկփեղկվում է, ինչն անթույլատրելի է. Խաչատրյան

Վերլուծաբան Վարդան Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա իրողություններին և հասարակական տրամադրություններին։  
Sputnik
Մեր մոնոնացիոնալ հասարակությունը երկփեղկվում է, ինչն անթույլատրելի է. Խաչատրյան

Վարդան Խաչատրյանի դիտարկմամբ` նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությունը, որն աստիճանաբար կիրառվելու է Հայաստանում, որևէ իշխանության չի թողնի, որ մնա լեգիտիմ։ Ըստ նրա` ամեն օր հասարակական գիտակցության մեջ նեգատիվիզմն ավելանում է, առաջանում են նորանոր խնդիրներ և այն ամենը ինչ տեղի ունեցավ, դեռ ընկալման, վերլուծության և գնահատականների շատ մեծ դաշտ է պարունակում։

Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ. կան տուժածներ ու բերման ենթարկվածներ

«Այս տեսակետից չենք կարող պատկերացնել, որ գործող իշխանությունը կարող է վերադարձնել իր լեգիտիմությունը։ Լինում է այնպես, որ արդար կերպով ընտրված իշխանությունը նույնպես իր կառավարման ընթացքում ձեռք է բերում բացարձակ իլեգիտիմություն, այսինքն` իշխանության և ժողովրդի միջև տեղի է ունենում խզում։ Այսօր ավելի կարևոր է այն հարցը, որ խզումն ընթանում է հասարակության ներսում։ Մի կողմում իշխանության կողմնակիցներն են, որոնց թվաքանակն առկա նեգատիվիզմի պայմաններում պետք է որ նվազի, մյուս կողմում իշխանության հակառակորդներն են, և մոնոնացիոնալ մեր հասարակությունը երկփեղկվում է, ինչը բացարձակապես անթույլատրելի է։ Այսօր անհրաժեշտ է տվյալ ծայրահեղ բացասական գործընթացին հնարավորինս շուտ վերջ դնել»,– նշեց վերլուծաբանը։

Անդրադառնալով այն հարցին, որ վարչապետի հրաժարականի պահանջով հանդես է եկել նաև հոգևոր դասը կաթողիկոսներ Գարեգին Բ–ի և Արամ Ա–ի գլխավորությամբ, Վարդան Խաչատրյանն ընդգծեց, որ հասարակության ներսում կա դիմադրության երկու մակերևույթ, որոնք թեև բավականին զորեղ են, բայց համեմատաբար պասիվ են. առաջինն ընտանիքներն են, որոնք եթե ոտքի են կանգնում իրենց զանգվածի մեջ, ապա այդ դեպքում ամեն ինչ հասարակության մեջ փոխվում է, և երկրորդը եկեղեցին է։ Երկուսի հետ էլ, ըստ Խաչատրյանի, գործող իշխանությունն ունի խնդիրներ։ 

«Նիկոլ, դավաճան». ակցիայի մասնակիցները կոչ են անում փակել Երևանի փողոցները

Խաչատրյանը հույս հայտնեց, որ Հայ առաքելական եկեղեցին ի վերջո կստանձնի իրեն յուրահատուկ ամբողջականացնող, հավասարակշռող և ներդաշնակող դերակատարումը, թեև իրավիճակի հանգուցալուծումը, ըստ նրա, հեշտ չի լինի։