Ակցիայի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել. ցուցարարները միացան նստացույց անողներին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի մասնակիցները նշում են` ոստիկանությունն անհամատեղելի ուժ է գործադրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա անողները միացան Հանրապետության հրապարակում նստացույց անողներին։ Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ երիտմիության անդամ Քրիստինե Վարդանյանը հայտնեց` այս պահին միացել են նստացույց անողներին, իսկ հետագա քայլերի մասին ավելի ուշ կհայտնեն։

«Բողոքի գործողությունները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է Նիկոլ Փաշինյանը։ Այժմ Երևանի մի քանի փողոցներ են փակ, և բոլորս նույն պահանջն ունենք`վարչապետի հրաժարականը»,–ասաց Քրիստինեն։

Նրա խոսքով` քիչ առաջ, երբ փակել են Տիգրան Մեծ, Ամիրյան և Նալբանդյան փողոցները, ոստիկաններն անհավասար ուժ են կիրառել, ինչի հետևանքով բաժին տեղափոխված ակցիայի մասնակիցներից մեկը վնասվածք է ստացել։

Ոստիկանությունը բերման է ենթարկում անհնազանդության ակցիաների մասնակիցներին

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիաները շարունակվում են, և մի շարք փողոցներ փակ են։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներն անցկացվում են Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն ու մոտ 70 այլ ցուցարարի

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է «Հայրենիքի փրկության շարժում», որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։