Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար պետք է բանակցություններ սկսել. Մարուքյան

ԼՀԿ նախագահը կարծում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան լավ օրինակ է Սյունիքի անվտանգության ապահովման խնդրի լուծման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մեր թշնամի պետությունը նոր արկածախնդրությունների է պատրաստվում, որոնց դիմակայելու համար Հայաստանին նոր ռազմավարություն է անհրաժեշտ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Որոտան գյուղի մեկ շինություն հայտնվել է վիճարկելի տարածքում. Սյունիքի մարզպետարան

«Այս պահին ամենաարագ կերպով լուծելու մարտահրավերը Սյունիքի առաջ ծառացած խնդիրն է, քանի որ եռակողմ պայմանագրի համաձայն` Սյունիքի համայնքներն ադրբեջանական տեսադաշտում են հայտնվել։ Եթե նախկինում 150 կմ է եղել հեռավորությունը ադրբեջանական դիրքերից Սյունիքի բնակավայրեր, ապա հիմա 2-3 կիլոմետրի մասին է խոսքը»,–ասաց Մարուքյանը։

Բացի այդ, ըստ նրա, Սյունիքում սահմանազատման հետևանքով բարձրադիր դիրքեր են հայտնվել Ադրբեջանի ձեռքում։ Ինչպես նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ 2021-ի համար Ադրբեջանը նախատեսում է 550 մլն դոլարով ավելացնել ռազմական բյուջեն։ Ուստի ԼՀԿ-ն կարծում է, որ Սյունիքի առջև ծառացած խնդիրը պետք է լուծել Ռուսաստանի հետ նոր համաձայնագիր կնքելու միջոցով։

Ճակատեն գյուղը չի հանձնվում Ադրբեջանին. Սյունիքի մարզպետը հերքել է տեղեկությունը

Մարուքյանը նշեց` բանակցություններ սկսելու համար արդեն քայլեր են արվում։

ԼՀԿ նախագահի խոսքով` Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան լավ օրինակ է. այն տասնյակ տարիներ ապահովել է այդ տարածքում ՀՀ–ի անվտանգությունը։

«Արցախում գտնվող ռուս խաղաղապահ ուժերն ավելի հեշտությամբ կարող են սպասարկվել Սյունիքում տեղակայված ռազմաբազայից, քան այլ վայրից։ Ուստի, ՌԴ–ի հետ պետք է բանակցություններ սկսել օր առաջ Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար։ Թող այդ ճակատում ՌԴ–ն երկու ռազմաբազա ունենա` Գյումրու և Սյունիքի»,–ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` Հայաստանը միայնակ չի կարող դիմակայել Սյունիքի առջև ի հայտ եկած մարտահրավերին։

Sputnik Արմենիայի հարցին, թե ռուսական կողմի հետ քննարկվե՞լ է ռազմաբազայի ստեղծման առաջարկը, Մարուքյանը պատասխանեց, որ եթե անցումային վարչապետ ընտրվի իրենց թեկնածուն, ՌԴ–ի հետ բանակցություններ կսկսեն։

«Այն հրապարակային առաջարկ է, և եթե անգամ մենք չենք բանակցողը, ապա կողմ ենք, որ ցանկացած մեկը դա անի»,–ասաց նա։

Նշենք, որ դեկտեմբերի 19–ի տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

«Թուրքը սնայպերով խփում է իմ գերեզմանին». լարված իրավիճակ Սյունիքում

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան