ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Թագուհի Ասլանյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը։
«Շնորհակալ եմ դատավոր Զարուհի Նախշքարյանին` արդար դատական ակտ կայացնելու և ամուր նյարդային համակարգ ունենալու համար»,–գրել է փաստաբանը:
Նա պարզաբանել է, որ մասնակի բավարարումը վերաբերվում է փոխհատուցման պահանջին, քանի որ իրենց կողմից ներկայացվել էր 1.000.000 ՀՀ դրամի պահանջ, սակայն բավարարվել է 600.000 ՀՀ դրամը:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Թագուհի Ասլանյանն ասաց` ուրախ է, որ դատավորը շատ օբյեկտիվ որոշում է կայացրել։ «Նաև շնորհակալ եմ իմ փաստաբան Լուսինե Վիրաբյանին, որովհետև նրա շնորհիվ այս գործը հարուցվեց և հասանք հաղթանակի»,–ասաց նա։
Նրա խոսքով` համարյա մի տարի տևած դատական պրոցեսի ընթացքում Սաֆարյանը, իբր հարգելի պատճառով 2 անգամ չի ներկայացել նիստին, ինչի պատճառով այն հետաձգվել է։
«Երկրում այն իրավիճակն է ստեղծվել, որ ով ում հասնի հրապարակավ վիրավորում է, և հատկապես պաշտոնյանները դրա համար հիմնականում պատասխանատվություն չեն կրում։ Հույս ունեմ, որ սա նախադեպ կդառնա, և լրագրողները տեղի–անտեղի չեն թիրախավորվի, կսկսեն ավելի հարգանքով ու զգուշավոր վերաբերվել նրանց»,–ասաց Ասլանյանը։
Նշենք, որ 2019թ–ի հոկտեմբերի 29-ին արևմտյան հիմնադրամներից ֆինանսավորվող Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ազդարարել էր «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում անցկացնելու մասին։ Եվ զգուշացրել. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է:
Նշված լրատվամիջոցներից որոշները ներկայացել էին։ Քննարկումից հետո Սաֆարյանի և Livenews–ի լրագրող Թագուհի Ասլանյանի միջև լեզվակռիվ սկսվեց։ Այդ ընթացքում նա դուրս եկավ սենյակից և փակեց դուռը իր հետևից գնացող լրագրողների դեմքին։ Հետո վերադարձավ ինստիտուտի աշխատակիցների հետ և պահանջեց լքել գրասենյակը։
Թագուհի Ասլանյանը հայտարարեց, որ Սաֆարյանի հետ կհանդիպի դատարանում։ Որովհետև քաղաքագետը նրան ասել էր, որ տվյալ ԶԼՄ–ները իրեն չեն կարող հրավիրել «ո՛չ սաունա, ո՛չ իրենց տարածք»։