ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, գնդապետ Սայաթ Շիրինյանը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։
Հրապարակված հաղորդագրության համաձայն` Սայաթ Շիրինյանը Facebook սոցիալական կայքում առերևույթ բռնության կոչեր պարունակող գրառում է արվել` ուղղված օգտատեր Սուսաննա Ավշարյանին։
«Cусанна Авшарян, եթե ես լինեի շարժումը առաջնորդողը, ապա վստահ եղեք, մենք կգնայինք կոնկրետ քայլերի, չնայած կազմակերպիչներին չեմ քննադատում, քանզի նրանք խուսափում են արյունահեղությունից: Բայց արդեն պարզից էլ պարզ է, որ առանց արյունահեղության հնարավոր չի»,– գրել է Շիրինյանը։
Ընդդիմությունը շրջափակելու է կառավարության շենքը
Գրառում կատարելու դեպքի առթիվ 2020թ. դեկտեմբերի 22-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:
Նախաքննությունը շարունակվում է:
Մենք իշխանության չենք ձգտում. Սեյրան Օհանյանը միացել է ընդդիմության հանրահավաքին