Ռուս խաղաղապահներն ավարտին են հասցնում Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը

Խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր արագությունը լեռնային հատվածում և եղանակի վատթարացման պայմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ավարտին են հասցնում Ստեփանակերտի հյուսիսային արվարձանի ականազերծումը։

Ինչպես հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը օպերացիայի ընթացքում ինժեներական ենթակառուցվածքների ականազերծել են 260 հեկտար տարածք, մոտ 100 կմ ճանապարհ, 434 բնակելի կառույց։

Նշվում է, որ հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,6 հազար պայթյունավտանգ առարկա։

Թուրքիան «ճերմակ ձի հեծած» պետք է մուտք գործեր Արցախ, կամ ԱՄՆ-ի ձախողումը տարածաշրջանում

Տարածքը պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ընթացքում խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր արագությունը լեռնային մասերում և եղանակի վատթարացման պայմաններում։

«Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զորավարժարանում։ Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։