«Կոչ ենք անում դեմ քվեարկել». ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է պատգամավորներին

Գերատեսչությունը կարծում է, որ եթե ծխելու հետ կապված սահմանափակումները հետաձգվեն, իրավիճակն ավելի կվատանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը ԱԺ պատգամավորներին հորդորում է դեմ քվեարկել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ հետաձգելու մասին օրենքի նախագծին:

Ծուխը չի հարցնում, թե որ կողմ կարելի է տարածվել. սրճարաններում ծխելը կարգելվի բոլորին

Նշված նախագիծն այսօր քննարկվել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովում։ Նիստի ժամանակ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կրկին ներկայացրել է կառավարության տեսակետը, որ օրենքի նշված դրույթների հետաձգումն ավելի կվատթարացնի առկա վիճակը` շարունակաբար վտանգելով մեր հազարավոր քաղաքացիների առողջությունը և կյանքը: Օրենքի բոլոր դրույթների կիրառումը շատ կարևոր է: Դրանց կիրառման ժամկետները արդեն իսկ հետաձգվել էին հենց հանձնաժողովի առաջարկով օրենքը ընդունելու պահին:

Ծխախոտի արտադրություն, թե առաջադեմ երկրներին բնորոշ ապրելակերպ. Խաչատրյանը` օրինագծի մասին

«Հանձնաժողովի անդամների, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնության հեղինակների կողմից այդպես էլ չեն բերվել հիմնավոր փաստարկներ կամ ապացույցներ, թե ինչու պետք է այդ հոդվածների ուժի մեջ մտնելու ժամկետները հետաձգվեն: Տնտեսության վրա թվացյալ դրական ազդեցության մասին կարծիքը, հիմնավորված չէ որևէ հաշվարկով, վիճակագրական տվյալներով կամ միջազգային փորձով: Իսկ օրենքը, հակառակը, հիմնավորված է բազմաթիվ հետազոտություններով, այդ թվում կատարված հենց մեր երկրի համար: Հաշվի առնելով, որ վերոնշյալ օրենքի նախագիծը զուրկ է որևէ առողջապահական և տնտեսական հիմնավորումից կոչ ենք անում ԱԺ պատգամավորներին լիագումար նիստին ԴԵՄ քվեարկել նախագծին»,– նշված է առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք` 2020 թվականի փետրվարի 13-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որին դեմ արտահայտվողների թվում ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական խմբակցության ներկայացուցիչներ կային։

Հայաստանում երբ և որտեղ կարգելեն ծխել