Հայաստանում բենզինն ու հեղուկ գազը թանկացել են․ ո՞րն է պատճառը

Արժույթի աժիոտաժային պահանջարկի պատճառով նոյեմբերին դոլարի փոխարժեքն աճել է, այդ պատճառով սկսել են թանկանալ ներկրվող ապրանքները, այդ թվում` վառելիքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Բենզինն ու հեղուկացված գազը Հայաստանում թանկացել են։ Լցակայաններում բենզինի գինը մի քանի տոկոսով աճել է։ Հիմա «ռեգուլյար» բենզինը լցակայաններում մեկ լիտրի համար 360-370 դրամ արժե։ Թանկացել է նաև հեղուկացված գազը, որի գինը կապում են բենզինի հետ (սովորաբար մեկ լիտրի համար մոտավորապես կրկնակի պակաս գին են հաստատում)։

Էներգակիրների թանկացումը կազդի ՀՀ–ում արտադրվող բոլոր ապրանքների ինքնարժեքի վրա

Որոշ տաքսիստներ արդեն հասցրել են օգտվել առիթից և կրկնակի բարձր գին պահանջել։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, այժմ իրականացվում է բենզինի միջազգային գների մոնիթորինգ: Համաշխարհային գների, ինչպես նաև երկրի ներսում բենզալցակայանների գների մոնիթորինգի արդյունքներով Հանձնաժողովը հանդես կգա հաղորդագրությամբ, թեև հնարավոր է` արդեն Ամանորից հետո:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այսպես թե այնպես, պետք է ուշադրություն դարձնել, որ երկու տարի առաջ բենզինը զգալիորեն թանկ արժեր։

Դոլարի թանկացումից ՀՀ քաղաքացիներն ու բիզնեսը 5-7 մլրդ դրամի վնաս են կրել. ԿԲ նախագահ

«Երկու տարի առաջ բենզինը մեկ լիտրի համար արժեր 470-480 դրամ, 2018-ի գարնանը էժանացել է մինչև 300 դրամ: Պարզապես, երբ ապրանքը էժանանում է, դրան ավելի քիչ ուշադրություն են դարձնում, քան այն ժամանակ, երբ թանկանում է։ Ինչ վերաբերում է տաքսու վարորդներին, ապա հնարավոր է, որ եղել են խարդախության դեպքեր, բայց եթե նրանք զանգվածային լինեին, մենք կիմանայինք այդ մասին»,-ավելացրեց Չիլինգարյանը։

Նշենք, որ 2020 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նավթն էժանացել էր մինչև մեկ բարելի դիմաց 10-15 դոլար, սակայն հունիսի սկզբին կրկին թանկացավ մինչև 40 դոլար, իսկ վերջին ամսվա ընթացքում դրա գինն աճել է՝ հասնելով 50 դոլարի: Բացի այդ, մի քանի տոկոսով աճել է դոլարի փոխարժեքը՝ նոյեմբերին արժույթի աժիոտաժային պահանջարկի պատճառով։ Արդյունքում աճել են բոլոր ներկրվող ապրանքների գները (ներառյալ ալյուրը, շաքարը և կարագը)։ Ավելի վաղ գնային ճնշումների մասին հայտարարել էին ալյուրի ներկրողներն ու ալրաղացի ձեռնարկությունները։

Տեղական ձուն թանկացել է. արտադրողները նշում են թանկացման պատճառը