Պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց միանվագ դրամական օգնություն կտրվի 

Նախարարի տեղակալի խոսքով` արդեն ունեն մոտ 226 հոգուց բաղկացած շահառուների ցանկ, թեպետ այն կարող է փոփոխվել, որովհետև գերիների կամ անհայտ կորածների շրջանում հնարավոր է լինեն քաղաքացիական անձինք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության ընթացքում քաղաքացիական զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց տրվող սոցիալական աջակցության ծրագրի մեկնարկը տրվել է, շահառուները կարող են արդեն դիմել: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ու ներկայացրեց ծրագրի մանրամասները։

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտունի քաղաքում վերականգնվել է 29 տուն

Նա նշեց, որ շահառուն կարող է դիմում ներկայացնել e-request.am միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքէջի՝ mlsa.am-ի «Գրեք նամակ» բաժնի միջոցով՝ մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը։

«Պատերազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքները, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած անձինք կստանան միանվագ դրամական աջակցություն: Զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին կտրամադրվի 5.000.000 դրամ, առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիներին՝ 3.000.000, երկրորդ խմբի դեպքում` 2.000.000, երրորդ խմբի դեպքում` 1.000.000 դրամ»,-ասաց Ժամակոչյանը:

Նա ընդգծեց, որ եթե հաշմանդամություն է ձեռքբերել անչափահասը, ապա կտրամադրվի 3 միլիոն դրամ:

Վիրավորները 300 000 դրամ աջակցություն կստանան` չսպասելով հաշմանդամության կարգի տրամադրմանը

«Դիմումներն արդեն ընդունվում են, սակայն վճարումները կլինեն հունվարից: Զոհվածների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը հենց սկզբից կլինի, իսկ հաշմանդամության դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մասնագետները պետք է այցելեն պոտենցիալ շահառուներին՝ ցանկով հաստատված անձանց: Համապատասխան ընթացակարգը անցնելուց հետո, երբ կհաստատվի հաշմանդամության խումբը, նոր աջակցությունը կտրամադրվի»,–ասաց նա:

Ռուսաստանը ևս 7 վագոն մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

Նշենք, որ այս փուլում նախարարությունը նախաձեռնել է հաշմանդամության կարգի տրամադրումը դյուրացնելու գործընթաց: Բժշկասոցիալական փորձաքննության մասնագետներն իրենք են այցելելու վիրավորվածներին: Դա վերաբերում է ոչ միայն զինվորներին, այլև քաղաքացիական անձանց: Պարզապես, պետք է հաշվի առնել, որ հաշմանդամության կարգի տրամադրման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ։

Նախարարի տեղակալի խոսքով` արդեն ունեն մոտ 226 հոգուց բաղկացած շահառուների ցանկ, թեպետ այն կարող է փոփոխվել, որովհետև գերիների կամ անհայտ կորածների շրջանում հնարավոր է լինեն քաղաքացիական անձինք: Շահառուների ցանկում կան անձինք Հայաստանից, սակայն ճնշող մեծամասնությունն Արցախից է: Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին քաղաքացին գրավոր եղանակով կտեղեկանա առավելագույնը 30 օրվա ընթացքում:

Գումարը կտրամադրվի անկանխիկ:

Հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել նախարարության 114 թեժ գիծ:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով` Արցախյան պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։ 

Զինծառայող զոհերի, վիրավորների, գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել։