Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ակցիան։ Նշենք, որ այսօր, բացի բողոքի ակցիաններից իրականացվում են նաև դասադուլներ և գործադուլներ։
Բազմամարդ ակցիայի ընթացքում հնչում են արդեն օրեր շարունակ հնչող «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» կոչերը, ծածանվում է եռագույնը։ Ժամանակ առ ժամանակ լսվում է հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանի վերջերս հեղինակած «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգը:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» դեկտեմբերի 16–ի բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։ Դասադուլին միացել են ԵՊՀ և ԵՊԲՀ–ի որոշ ֆակուլտետներ, իսկ գործադուլին մասնակցելու մասին արդեն հայտարարել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը։
Դեկտեմբերի 12-ին բժշկական համալսարանի մի շարք աշխատակիցներ միացել էին ՀՀ-ի և սփյուռքի ավելի քան 300 բուժաշխատողների պահանջին` ստեղծված վիճակի համար պատասխանատու անձանց հրաժարականների ու կառավարության ինքնակամ և անցնցում հեռացման մասին: